Հայկական կապիտալի արտահանումը սովորաբար լավ նորություն է։ Բայց երբ Հայաստանի խոշորագույն բանկի սեփականատիրոջ ֆինանսական խումբը պատրաստվում է ձեռք բերել վրացական բանկ և Թբիլիսիի խորհրդանշական հյուրանոցներից մեկը, հարցը միայն ներդրման չափը չէ։ Կարևոր է նաև՝ ով է գնում, ինչ կապիտալով և ում շահերի համար։ Վրացական Terabank-ը հայտարարել է, որ իր բաժնետոմսերը ձեռք բերելու համաձայնագիր է ստորագրվել Լյուքսեմբուրգում գրանցված AGE S.A.-ի հետ, որը «Արինս Գրուպի» ֆինանսական համակարգի մաս է։ «Արինս Գրուպը» ամբողջությամբ պատկանում է Կարեն Սաֆարյանին և վերահսկում է «Արդշինբանկի» 98.9 տոկոսը։ Առաջին հայացքից սա հայկական ֆինանսական կապիտալի տարածաշրջանային հաջողություն է։ Բայց «Հետքի» հրապարակումը գործարքի շուրջ շատ ավելի անհարմար հարցեր է բարձրացնում։ Վրացական մամուլը, հղում անելով ռուսական «Բոյլերնայա» ալիքին, դեռ հուլիսին գրել էր, թե Terabank-ի հնարավոր գնորդներ կարող են լինել ռուսամետ մոլդովացի օլիգարխ Իլան Շորի և A7 վճարային համակարգի հետ փոխկապակցված շահեր։ Շորը հետախուզվում է Մոլդովայում, իսկ A7-ը հայտնվել է ԵՄ պատժամիջոցների տակ՝ Մոլդովայի ժողովրդավարական գործընթացները ապակայունացնելուն ուղղված ռուսական գործողությունների հետ կապերի պատճառով, հետևաբար վրացական կարգավորողի խնդիրը պարզապես գնորդի վճարունակությունը ստուգելը չէ։ Այն պետք է պարզի սեփականության իրական կառուցվածքը, միջոցների ծագումն ու վերջնական շահառուներին։ Սաֆարյանի ռուսական անցյալն արդեն հարցեր է առաջացրել նաև Եվրոպայում։ Երբ «Արդշինբանկը» հետաքրքրվեց HSBC Malta-ով, Մալթայի մամուլը հաղորդեց սեփականատիրոջ նախկին ռուսական բիզնես կապերից բխող հեղինակության ռիսկերի մասին՝ միաժամանակ հատուկ արձանագրելով, որ Սաֆարյանի անձնական մասնակցությունը որևէ իրավախախտման ապացուցված չէ։ Բանկն իր հերթին պնդում է, որ Սաֆարյանը վաղուց դուրս է եկել ռուսական ակտիվներից, ներկայում բիզնես է վարում միայն Հայաստանում և նախկինում հրապարակված մի շարք մեղադրանքներ որակում է կեղծ ու զրպարտչական։ Կա նաև հայկական ներքին համատեքստը։ 2025-ին Կենտրոնական բանկը հայտնել էր հնարավոր ֆինանսական խարդախությունների վերաբերյալ շուրջ 50 քաղաքացիների բողոքների մասին, որոնք հիմնականում առնչվում էին երեք բանկերի՝ IDBank-ին, Ինեկոբանկին և «Արդշինբանկին»։ ԿԲ-ն հայտարարել էր, որ յուրաքանչյուր դեպք քննվելու է առանձին։ Հենց այստեղ է խնդրի քաղաքական նշանակությունը։ Հայաստանը փորձում է տնտեսական և քաղաքական կապերը խորացնել Արևմուտքի հետ։ Այդ ճանապարհին հայկական կապիտալի միջազգային ընդլայնումը կարող է մեծ առավելություն լինել։ Բայց եթե հայկական ֆինանսական հաստատությունները Եվրոպայում կամ Վրաստանում ընկալվեն որպես ռուսական կապիտալի, պատժամիջոցների շրջանցման կամ երրորդ երկրների ազդեցության հնարավոր միջանցք, տնտեսական հաջողությունը կարող է վերածվել Հայաստանի հեղինակության խնդրի ։ Ուստի Terabank-ի գործարքի շուրջ գլխավոր հարցը այն չէ, թե հայկական կապիտալը պետք է գնա Վրաստան, թե ոչ։ Իհարկե պետք է։ Հարցն այն է՝ արդյո՞ք հայկական կապիտալը միջազգային շուկա մտնելիս այնքան թափանցիկ է, որ նրա հետևում որևէ մեկի ստվերը փնտրելու անհրաժեշտություն չառաջանա ։ Փոքր երկրի համար կապիտալը նույնպես արտաքին քաղաքականություն է։ Իսկ ֆինանսական համակարգում վստահությունն այն ակտիվն է, որը կարելի է տարիներով կառուցել և մեկ կասկածելի գործարքով վտանգել։



