ԱՄՆ-ի կողմից տնտեսական շրջափակումը Կուբային 2025 թ. մարտի 1-ից մինչև 2026 թ. փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում պատճառել է ավելի քան 8 միլիարդ դոլարի վնաս: Այս մասին հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը՝ ներկայացնելով զեկույց այս թեմայի վերաբերյալ։ Նրա խոսքով, որը մեջբերում է կուբայական Cubadebate լրատվական հարթակը, սա ռեկորդային թիվ է, որը 7%-ով գերազանցում է այն ցուցանիշները, որոնք հիշատակվում են 2024-2025 թթ. նմանօրինակ զեկույցներում։ Նախարարն ԱՄՆ-ի գործողությունները համարել է կուբացի ժողովրդի նկատմամբ հավաքական պատժի գործողություն։ «Շրջափակումն ուղղված է ոչ թե իշխանության, այլ սովորական մարդկանց առօրյա կյանքի դեմ և էլ ավելի ուժեղ է ազդում պարենային ապահովության, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, առողջապահության, կրթության և տրանսպորտի վրա», – նշել է նա։ Կուբայի ԱԳ նախարարության տվյալներով՝ վնասը, որը կուտակվել է 1960 թ. Հավանայի նկատմամբ տնտեսական շրջափակում սահմանելուց ի վեր, ներկայում ընթացիկ գներով կազմում է 178,7 միլիարդ դոլար։ Ռոդրիգեսն ամերիկյան պատժամիջոցների՝ Կուբայի տնտեսության վրա ազդեցության վերաբերյալ զեկույցը ներկայացրել է լրագրողներին։ Այն այնուհետև կներկայացվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։



