Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարզաբանել է, թե ինչ նպատակով է անակնկալ այցեր իրականացնում տարբեր զորամասեր։ Պապիկյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում։ «Շատ է հնչում հարցը, թե ի՞նչ են մեզ տալիս այս անսպասելի այցերը։ Դրանք նախ ի ցույց են դնում խնդիրները, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում, որովհետև որպես կանոն նախարարի այցին նախապատրաստվում են, աշխատանքներ են արվում, որոնք սովորական առօրյայում չեն արվում։ Եվ ամենակարևորը՝ ինձ համար ակնհայտ է դառնում, թե որ զորամասում որքանով են հետևում օրվա կարգացուցակի պատշաճ կատարմանը»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը։ Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարբերաբար անակնկալ այցեր է իրականացնում Պաշտպանության նախարարության տարբեր զորամասեր։ Սեպտեմբերի 9-ին ևս Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել մարզերից մեկում տեղակայված զորամաս, հետևել է վերկացի և առավոտյան մարմնամարզության գործընթացներին, նախաճաշել զինծառայողների հետ։



