Երբ 1,5 միլիարդը «մուծվելու բան չկա» է դառնում

Երևանի կենտրոնում գործող լյուքս դասի հագուստի խանութի պատմությունը կարելի էր սովորական հարկային վեճ համարել, եթե թվերը սովորական լինեին։ Պետական եկամուտների կոմիտեն պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ կապվող «Լա Գալլերիա»-ն կառավարող ընկերությունը իրական իրացման շրջանառությունը հարկային հաշվարկներում շուրջ 9 միլիարդ 460 միլիոն դրամով պակաս է արտացոլել ։ Ըստ ՊԵԿ-ի՝ հագուստի վաճառքի մի մասի դիմաց ընդունվել է կանխիկ վճարում, ՀԴՄ կտրոն չի տրամադրվել, իսկ գործարքներն ամբողջությամբ չեն ներառվել հարկային հաշվարկներում։ Պետական բյուջեին պատճառված հնարավոր վնասը գնահատվել է ավելի քան 1,5 միլիարդ դրամ ։ Գործով քրեական վարույթ է նախաձեռնվել և նույն օրը Լևոն Քոչարյանը հայտարարեց, որ «մուծվելու բան չկա» ։ Այստեղ պատմությունը չի կարելի համարել միայն հարկային։ Երբ պետական մարմինը հրապարակում է գրեթե 9,5 միլիարդ դրամով պակաս արտացոլված շրջանառության և 1,5 միլիարդ դրամից ավելի հնարավոր վնասի մասին տվյալներ, բնական քաղաքական արձագանքը պետք է լինի՝ թող քննությունը պարզի, ինչն է ճիշտ, ինչն՝ ոչ։ «Մուծվելու բան չկա»-ն այլ վերաբերմունք է՝ դա նախապես տրված վճիռ է պետական պահանջի նկատմամբ։ Հայաստանի անկախացումից հետո ձևավորված տնտեսական համակարգի ամենախոր արատներից մեկը հենց սա էր՝ բոլորը օրենքի առաջ հավասար էին, բայց որոշները՝ ավելի հավասար ։ Փոքր կրպակի տերը չտված ՀԴՄ կտրոնի կամ չվճարված հարկի համար անմիջապես բախվում էր պետության հետ։ Խոշոր բիզնեսը, հատկապես երբ կապված էր իշխանության կամ ազդեցիկ քաղաքական շրջանակների հետ, հաճախ պետության հետ խոսում էր այլ դիրքից՝ կապերի, ազդեցության և լծակների լեզվով։ Այդտեղ էլ ծնվում էր իրական անհավասարությունը․ մեկի համար օրենքը պարտադիր կանոն էր, մյուսի համար՝ բանակցելու պայման ։ Օլիգարխիկ տնտեսությունը միայն հարստությունների կենտրոնացում չէր։ Այն ձևավորում էր նաև հատուկ մտածողություն՝ պետությանը վճարելը համընդհանուր պարտավորություն չէ, այլ բանակցության առարկա։ Հենց այդ պատճառով նման գործերում թիվը միայն թիվ չէ․ 1,5 միլիարդ դրամը ճանապարհ է, դպրոց է, զինվորի հանդերձանք է, հիվանդանոց է, թոշակ է։ Եթե այդ գումարը իսկապես չի վճարվել, ապա դա ոչ թե «իշխանության և ընդդիմության վեճ» է, այլ պետական բյուջեից բացակայող գումար։ Քոչարյանների ընտանիքի բիզնեսների շուրջ հարկային, սեփականության և ֆինանսական հարցերը նոր չեն։ Տարիների ընթացքում մամուլը բազմիցս անդրադարձել է նրանց ակտիվների ծագմանը, կառուցվածքին և հարկային վեճերին։ Դա ինքնին որևէ կոնկրետ հանցագործություն չի ապացուցում։ Բայց հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր նոր գործ պահանջում է առավելագույն թափանցիկություն, ոչ թե նախապես հնչեցված՝ «մուծվելու բան չկա» դատավճիռ։ Այս պատմության մեջ հատկապես կարևոր է մեկ այլ հակասություն։ Նույն քաղաքական ուժը պետությունից պահանջում է օրինականություն, անկախ դատարան, հաշվետվողականություն, իրավապահների պատասխանատվություն։ Բայց երբ խոսքը հասնում է սեփական ընտանիքի հետ կապված բիզնեսին, պետական մարմնի հրապարակած միլիարդավոր թվերը միանգամից ներկայացվում են որպես անհիմն ճնշում։ Իրավական պետությունը հենց այստեղ է սկսվում կամ ավարտվում։ Եթե ՊԵԿ-ի հաշվարկները սխալ են՝ պետությունը պարտավոր է դա ընդունել, գործը պետք է փլվի դատարանում, իսկ մեղադրվող կողմը՝ արդարացվի, եթե հաշվարկները ճիշտ են՝ պետք է վճարվի ամբողջ գումարը և կիրառվի օրենքը։ Այլ ճանապարհ չկա։ Պետությունը դառնում է պետություն այն ժամանակ, երբ հարկը դադարում է լինել քաղաքական ճաշակի հարց, և հենց այդ պատճառով «մուծվելու բան չկա» ձևակերպումը այս պատմության ամենախոսուն մասն է, որովհետև 1,5 միլիարդ դրամի հնարավոր պարտավորության ֆոնին դա արդեն միայն ընտանեկան բիզնեսի պաշտպանություն չէ, դա պետությանը պատասխանելու ձև է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12959

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով