Երթևեկության սահմանափակումներ՝ հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի շրջանակում

Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour-ի միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարը։ Մրցաշարը միջազգային չափանիշներին համապատասխան և անվտանգ անցկացնելու նպատակով նշված օրերին հանրապետության մի շարք ավտոճանապարհներին և փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։ Մասնավորապես՝ Սեպտեմբերի 10-ին Հեծանվավազքը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակից Զորավար Անդրանիկի փողոցով դեպի Ազատության փողոց, ապա՝ Սևան-Մարտունի-Գետափ Մ-10 ավտոճանապարհ, Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ, այնուհետև՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Հ-7 ավտոճանապարհով դեպի Մեծ Մասրիկ բնակավայր, որտեղ կավարտվի երթուղու տվյալ փուլը։ Սեպտեմբերի 11-ին Մրցաշարը կմեկնարկի Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից և կավարտվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Ժամանակավորապես փակ կլինեն Կիրանց, Աճարկուտ, Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար և Աչաջուր բնակավայրերի մուտքերը դեպի Հ-58 հանրապետական նշանակության ավտոճանապարհ։ Երթևեկությունը կսահմանափակվի նաև դեպի Ազատամուտ, Ակնաղբյուր, Խաշթառակ, Լուսաձոր, Ենոքավան, Գետահովիտ բնակավայրերի մուտքերը և Իջևան քաղաքի Արցախյան ու Երևանյան փողոցներում։ Դիլիջան համայնքում փակ կլինեն Հովք, Գոշ, Հաղարծին և Թեղուտ բնակավայրերի մուտքերը, Պարզ լճի խաչմերուկը, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան և Մաքսիմ Գորկու փողոցների մուտքերը դեպի Մ-4 միջպետական ավտոճանապարհ, ինչպես նաև Գետափնյա, Կալինինի և Աբովյան փողոցների մուտքերը դեպի Մ-8 միջպետական ավտոճանապարհ։ Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի հետևյալ հատվածներում՝ ▪️ Մ-8 մայրուղու Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո հատված, ▪️ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի, ▪️ Զորավար Անդրանիկի փողոց, ▪️ Զորավար Անդրանիկի շրջանաձև երթևեկությունից դեպի Թումանյան փողոց, ▪️ Թումանյան հրապարակից՝ Թումանյան փողոց, ▪️ Մոսկովյան և Բոշյան փողոցների շրջանաձև երթևեկությունից կամրջով դեպի Լոռվա խճուղի, ▪️ Մ-6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատված, ▪️ Փամբակի 1-ին փողոցից Մ-6 միջպետական ճանապարհով դեպի Վահագնաձոր բնակավայրի 1-ին և 4-րդ փողոցներ՝ մինչև Թումանյան քաղաքի սկզբնամասի շրջանաձև երթևեկություն, ▪️ Ստեփանավան-Ալավերդի Հ-35 մայրուղու Օձուն-Արևածագ հատված, ▪️ Արևածագից դեպի Լոռի Բերդ հատված, ▪️ Ստեփանավան-Ալավերդի Հ-33 միջպետական մայրուղի, ▪️ Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոց Հ-33, ▪️ Ստեփանավանի կամրջից՝ Մ-3 ավտոճանապարհ, ▪️ Չարենցի փողոցից մինչև Արևելյան փողոցի խաչմերուկ, ▪️ Բաղրամյան և Թելմանի փողոցներ։ Սեպտեմբերի 12-ին Մրցաշարը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տան դիմացից։ Երթուղին կանցնի Մյասնիկյան փողոցով դեպի Երևանյան փողոց, ապա Կամոյի փողոց` Սևան-Մարտունի-Գետափ Մ-10 ավտոճանապարհ, այնուհետև դեպի Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ։ Մ-4 ավտոճանապարհով երթուղին կշարունակվի դեպի Կոտայքի մարզի Հրազդան քաղաք, ապա Գեղարքունիքի մարզի Զովաբեր բնակավայր։ Զովաբերից մասնակիցները Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհով կշարժվեն դեպի Սևան համայնքի Գոմաձոր և Ցամաքաբերդ բնակավայրեր, այնուհետև կրկին դուրս կգան Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ, կշարժվեն դեպի Ծովագյուղ, ապա Սեմյոնովկա բնակավայր և այնտեղից մուտք կգործեն Տավուշի մարզի վարչական տարածք։ Նույն օրը Գեղարքունիքի մարզից դեպի Կոտայքի մարզ ժամանակավորապես փակ կլինի Իջևան-Սևան-Երևան Մ-4 ավտոճանապարհը՝ մինչև Հրազդանի նախկին անշարժ պահակակետ՝ հարակից ճանապարհների հատումներով հանդերձ։ Այդ հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց՝ Մ-4 Երևան-Սևան-Իջևան ուղեմասով։ Ժամանակավորապես փակ կլինեն նաև Քաղսի գյուղից մինչև Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհը՝ հարակից ճանապարհների հատումներով, մասնավորապես՝ ▪️ Քաղսի գյուղի 1-ին փողոցը, ▪️ Հրազդան քաղաքի Ստեփան Շահումյան փողոցը՝ մինչև Սպանդարյան փողոցի հատումը, ▪️ Սպանդարյան փողոցը, ▪️ Զորավար Անդրանիկի պողոտան՝ մինչև Զովաբեր գյուղի՝ Գեղարքունիքի մարզի սահմանը։ Տավուշի մարզում փակ կլինեն Մ-4 միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանները, Դիլիջան քաղաքի Կամոյի, Մաքսիմ Գորկու և Թբիլիսյան փողոցները, ինչպես նաև դեպի Պարզ լիճ տանող ավտոճանապարհը։ ՆԳՆ ոստիկանությունից խնդրում են միջոցառման երթուղիների տարածքում տրանսպորտային միջոցներ չկայանել։ Սեպտեմբերի 12-13-ը Միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի անցկացման նպատակով Երևանում ևս կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։ Սեպտեմբերի 12-ի ժամը 00․00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 23․00-ն կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Վազգեն Սարգսյան փողոցում։ Սեպտեմբերի 12-ի ժամը 20․00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 23․00-ն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը կարգելվեն նաև հետևյալ հատվածներում՝ ▪️ Հանրապետության հրապարակում, ▪️ Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, ▪️ Ագաթանգեղոսի փողոցում, ▪️ Գրիգոր Լուսավորչի փողոցում, ▪️ Արգիշտիի փողոցում, ▪️ Հրազդանի կիրճում, ▪️ Ուրուգվայի հրապարակում, ▪️ Պարոնյան փողոցում, ▪️ Լեոյի փողոցում, ▪️ Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ, ▪️ Սարյան փողոցում, ▪️ Պապ թագավորի փողոցում, ▪️ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում, ▪️ Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում։ ՆԳՆ ոստիկանությունից խնդրում են նախապես պլանավորել երթևեկությունը, հնարավորության դեպքում ընտրել այլընտրանքային ճանապարհներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12959

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով