Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Թագավորական ամրոցի գլխավոր տնօրեն Մալգոժատա Օմիլանովսկային: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը: Նախարարը ողջունել է Լեհաստանի Թագավորական ամրոցի պատվիրակության այցը Հայաստան՝ շնորհակալություն հայտնելով մշակույթի ոլորտում համագործակցության հետաքրքրություն ցուցաբերելու համար։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման առանցքում Հայաստանի և Լեհաստանի համատեղ ջանքերով գորգերի ցուցադրության կազմակերպման հնարավորությունն էր՝ ընդգծելու Հայաստանի և Լեհաստանի մշակութային ժառանգության, պատմական կապերի և մշակութային երկխոսության ընդհանրությունները։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նախատեսվում է ունենալ Գորգի թանգարան, ինչը համագործակցության նոր հեռանկարներ կբացի երկու երկրների ժառանգությունը հանրահռչակելու ուղղությամբ: Այս համատեքստում քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը։ Հանդիպմանը անդրադարձ է եղել մշակույթի և կրթության փոխկապակցությանը․ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթական համակարգում թանգարանները և հուշարձանները դիտարկվում են որպես կրթական միջավայրեր, և այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ դպրոցահասակներին ևս հաղորդակից դարձնելու մշակութային կյանքին: Մալգոժատա Օմիլանովսկան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի մշակութային երկխոսության գործնականացմանը: Նա հայտնել է, որ արդեն իսկ հասցրել է այցելել Հայաստանի մի շարք պատմական վայրեր, որոնք իրենց համամարդկային արժեքով չափազանց տպավորիչ են: Կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի մշակութային հաստատությունների միջև կայուն համագործակցության հարթակների ձևավորման հնարավորությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12843

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով