Այն, ինչ Մոսկվան պաշտոնապես չի ասում

Կոնստանտին Զատուլինը բարձրաձայնեց այն, ինչ պաշտոնական Մոսկվան ամիսներ շարունակ չի ասում։ Նա Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումները կապեց ոչ թե հայկական ապրանքի որակի, այլ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հետ՝ հայտարարելով, որ մեղմացում չի լինի, «քանի դեռ Փաշինյանն իշխանության է»։ Սա Ռուսաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ․ Մոսկվան սահմանափակումները շարունակում է բացատրել բուսասանիտարական և որակական խնդիրներով։ Բայց այստեղ ակնհայտ հակասություն կա։ Եթե խնդիրը հայկական լոլիկի, ծիրանի կամ ձկան որակն է, ինչո՞ւ դրա լուծումը պետք է կախված լինի Հայաստանի վարչապետից կամ Երևանի արտաքին քաղաքական ընտրությունից։ Եթե սահմանափակումների մեղմացումը պայմանավորվում է իշխանության կամ քաղաքական ուղղության փոփոխությամբ, ապա դրանք այլևս պարզապես առևտրային միջոցներ չեն։ Դրանք դառնում են տնտեսական ճնշման գործիք։ Տարիներ շարունակ ռուսական շուկայի հասանելիությունը ներկայացվել է որպես Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հիմնական տնտեսական առավելություններից մեկը։ Բայց եթե այդ հասանելիությունը կարող է սահմանափակվել ամեն անգամ, երբ Երևանը վարում է Մոսկվայի քաղաքական նախընտրություններին չհամապատասխանող արտաքին քաղաքականություն, ապա խոսքն այլևս պարզապես արտահանման հնարավորության մասին չէ։ Շուկան վերածվում է քաղաքական կախվածության լծակի։ Զատուլինի խոսքի ամենակարևոր հատվածը հենց իշխանության փոփոխության մասին ակնարկն է։ Նրա տրամաբանությունը հետևյալն է՝ հեռացրեք Փաշինյանին, և հարաբերությունները կբարելավվեն։ Ռուսաստանցի բարձրաստիճան քաղաքական գործիչը հրապարակայնորեն մեկ շղթայի մեջ է դնում երեք բան՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Ռուսաստանի տնտեսական սահմանափակումները և Հայաստանի իշխանության փոփոխությունը և դա տեղի է ունենում հենց այն պահին, երբ Երևանը ռուսական սահմանափակումները բողոքարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։ Այստեղ արդեն քննության առարկան ԵԱՏՄ-ն է։ Եթե միասնական շուկայի անդամ երկրի ապրանքների մուտքը կարող է կախված լինել նրանից, թե այդ երկրի կառավարությունն ինչ հարաբերություններ ունի Եվրամիության կամ Միացյալ Նահանգների հետ, ապա ԵԱՏՄ-ն այլևս միասնական շուկա չէ։ Այն դառնում է շուկա, որի հասանելիությունը կարող է պայմանավորվել անդամ երկրի քաղաքական վարքագծով։ Հենց այս պատճառով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիան այլևս պարզապես տնտեսական քաղաքականություն չէ, այլ ինքնիշխանության ապահովագրություն։ Հայաստանը կարող է և պետք է շարունակի առևտուրը Ռուսաստանի հետ, բայց չի կարող իր տնտեսությունն այնպես կառուցել, որ մեկ շուկայի սահմանափակումը դառնա Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության վրա ազդելու միջոց։ Զատուլինին լավագույն պատասխանը այնպիսի տնտեսության կառուցումն է, որի արտադրողը կարող է իր ապրանքը վաճառել նաև Եվրոպայում, Պարսից ծոցում և Ասիայում, որի բեռը մի քանի ճանապարհ ունի, իսկ պետությունն արտաքին քաղաքական որոշումներ կայացնելիս ստիպված չէ հաշվարկել, թե վաղը որ սահմանակետը կարող է փակվել։ Այս պատմության գլխավոր դասը այն մասին է, որ պետությունը պետք է կառուցի այնպիսի տնտեսություն և այնպիսի արտաքին կապեր, որ որևէ երկրի դժգոհությունը չկարողանա վերածվել Հայաստանի ներքին քաղաքականության վրա ազդելու գործիքի։ Որքան բազմազան լինեն Հայաստանի շուկաները, հաղորդակցության ուղիներն ու գործընկերները, այնքան ավելի սահմանափակ կլինի որևէ արտաքին ուժի՝ Հայաստանի ընտրությունների վրա ազդելու հնարավորությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12872

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով