Հարավային Կորեայի կառավարությունը պատրաստվում է հայտարարել ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլար արժողությամբ խոշոր էներգետիկ ներդրումային ծրագրի մասին, որն ուղղված է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացմանը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Հարցին ծանոթ աղբյուրների տվյալներով՝ գործարքի շրջանակում Հարավային Կորեան կֆինանսավորի մինչև ութ ատոմակայանի և բնական գազով աշխատող էներգետիկ նախագծի կառուցումը՝ ։ Հարավային Կորեայի առևտրի նախարարությունից հայտնել են, որ ԱՄՆ-ում ներդրումների վերաբերյալ մանրամասները դեռ վերջնականապես համաձայնեցված չեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնգն 2025 թվականի հոկտեմբերին առևտրային համաձայնագիր էին կնքել, որի համաձայն՝ Հարավային Կորեան պարտավորվել էր 350 մլրդ դոլարի ներդրումներ կատարել ԱՄՆ արտադրական ոլորտում։ Դրա դիմաց Վաշինգտոնը համաձայնել էր հարավկորեական ներմուծման համար մաքսատուրքերը սահմանափակել 15 տոկոսով։ Սակայն դրանից հետո Սեուլը բախվել է համաձայնագրի իրականացման ուշացումներին, ինչի հետևանքով Թրամփը այս տարվա սկզբին սպառնացել էր բարձրացնել Հարավային Կորեայի նկատմամբ մաքսատուրքերը։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ Հարավային Կորեայի ներդրումները նախատեսվում է իրականացնել մի քանի տարվա ընթացքում։ Գործարքը ներառում է ԱՄՆ-ում մինչև ութ միջուկային ռեակտորի կառուցում։ Առաջին ռեակտորի համար նախատեսվում է օգտագործել ամերիկյան Westinghouse Electric ընկերության դիզայնը, իսկ հետագա որոշ ռեակտորների համար կարող են կիրառվել հարավկորեական KEPCO-ի նախագծերը։ Մոտ 20 մլրդ դոլար արժողությամբ մեկ այլ հնարավոր ներդրում նախատեսվում է Տեխասում՝ բնական գազով աշխատող էլեկտրակայանի կառուցման համար։ Ըստ WSJ-ի՝ կայանը էլեկտրաէներգիա կմատակարարի արհեստական բանականության տվյալների կենտրոններին։



