Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։ Սա, իմ գնահատմամբ, ճիշտ որոշում է ոչ միայն ՀԷՑ-ի կոնկրետ պատմության պատճառով, այլ ավելի լայն սկզբունքից ելնելով՝ այսպիսի ռազմավարական ենթակառուցվածքները պետք է գտնվեն պետության սեփականության և վերջնական վերահսկողության ներքո ։ Էլեկտրացանցը բնական մենաշնորհ է, որի աշխատանքից կախված են տնտեսությունը, առողջապահությունը, կապը, ջրամատակարարումը և, ի վերջո, երկրի անվտանգությունը։ Նույն տրամաբանությունը վերաբերում է նաև մյուս առանցքային ենթակառուցվածքներին։ Հայաստանի գազային համակարգն այսօր գրեթե ամբողջությամբ ռուսական ընկերության վերահսկողության տակ է։ «Գազպրոմ Արմենիան» 100 տոկոսով պատկանում է ռուսական «Գազպրոմին» և միաժամանակ զբաղվում է գազի տեղափոխմամբ, պահեստավորմամբ, բաշխմամբ ու վաճառքով, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրությամբ։ Ընկերության համակարգում են 15 տարածքային գազամատակարարման ստորաբաժանում, վեց դուստր ընկերություն, «Տրանսգազը», Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանը և «Հրազդան-5» էներգաբլոկը։ Գազափոխադրման հիմնական ցանցը շուրջ 1,700 կմ է, իսկ բաշխիչ համակարգը՝ տասնյակ հազարավոր կիլոմետրեր։ Այսինքն՝ խոսքը պարզապես մի օտարերկրյա ընկերության մասին չէ, խոսքը երկրի ամբողջ գազային շղթայի՝ մուտքից մինչև սպառող, մեկ կենտրոնից վերահսկվելու մասին է ։ Հենց այստեղ ՀԷՑ-ի պետականացման որոշումը կարող է դառնալ ավելի լայն պետական քաղաքականության սկիզբ։ Հարցը պետք է լինի ոչ թե միայն՝ ում է պատկանում այս կամ այն ընկերությունը, այլ՝ ո՞ր ենթակառուցվածքներն են այնքան կարևոր Հայաստանի ինքնիշխանության համար, որ դրանց վերջնական սեփականությունն ու վերահսկողությունը պետք է մնան պետությանը ։ 2014-ին «Գազպրոմը» ձեռք բերեց նաև Հայաստանի կառավարության մնացած 20 տոկոս բաժնեմասը և դարձավ ընկերության միակ սեփականատերը։ Այդ բաժնեմասը գնահատվել էր շուրջ 63.3 միլիարդ դրամ, իսկ ստացված միջոցները պետական բյուջեով ուղղվել էին նախկինում ներմուծված գազի գնի փոխհատուցմանը։ Այս ամբողջ կառուցվածքը այսօր պետք է նորից դրվի սեղանին, որովհետև 2026-ի Հայաստանի էներգետիկ անվտանգության պայմանները որևէ կապ չունեն 2013-ի աշխարհաքաղաքական պայմանների հետ ։ Նույնը վերաբերում է «գույք՝ պարտքի դիմաց» հայտնի գործարքին։ 2002-ին մոտ 100 միլիոն դոլարի պետական պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցվեցին Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» գործարանը և նախկին խորհրդային ռազմարդյունաբերական համակարգին կապված գիտահետազոտական ձեռնարկություններ։ Ժամանակին այդ գործարքը ներկայացվում էր որպես պարտքի խնդրի լուծում և այդ ձեռնարկությունների վերակենդանացման հնարավորություն։ Բայց արդեն 2004-ին Հայաստանի ղեկավարությունը ռուսական կողմի առաջ բարձրացնում էր խոստացված ներդրումների և այդ ձեռնարկությունների վերագործարկման խնդիրը։ Այդ ակտիվներից մի քանիսը հետագայում փոխել են սեփականատերերին։ Հրազդանի ՋԷԿ-ի հիմնական չորս էներգաբլոկները, օրինակ, ռուսական պետական կառույցներից և «Ինտեր ՌԱՕ»-ից հետո անցել են «Տաշիր» խմբին, իսկ Սևան-Հրազդան կասկադը ռուսական «ՌուսՀիդրոյից» նույնպես անցել է «Տաշիրին»։ Ամենահրատապը, սակայն, այսօր երկաթուղին է։ Հայկական երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, բայց 2008-ից Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ ամբողջ ցանցը կոնցեսիոն կառավարմամբ հանձնված է «Ռուսական երկաթուղիների» դուստր «Հարավկովկասյան երկաթուղուն»։ Ընկերությունը ներկայում շահագործում է շուրջ 752 կմ ճանապարհ։ Երկար տարիներ սա պարզապես կառավարման մոդելի հարց էր։ TRIPP-ից հետո այն դարձել է Հայաստանի տնտեսական ապագայի հարց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին խորհրդարանում բաց հայտարարեց, որ միջազգային ներդրողներն ու բեռնափոխադրողները փորձում են շրջանցել Երասխ-Ախուրյիկ հայկական երկաթուղային հատվածը, քանի որ այն գտնվում է «Ռուսական երկաթուղիների» կառավարման տակ և նրանց համար ստեղծում է արտաքին սահմանափակումների ռիսկ։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը դրա հետևանքով կարող է կորցնել միջազգային երկաթուղային համակարգին լիարժեք միանալու պատմական հնարավորությունը։ Սա արդեն տեսական խնդիր չէ։ Հայաստանը պատրաստվում է վերականգնել Երասխի և Գյումրի-Ախուրյիկ երկաթուղային հատվածները, Թուրքիան արագացնում է Կարս-Նախիջևան ուղղության զարգացումը, իսկ TRIPP-ը կարող է նոր արևելք-արևմուտք բեռնահոսք բերել տարածաշրջան։ Այս պայմաններում հայկական երկաթուղին կամ պետք է դառնա Հայաստանի տարածաշրջանային ապաշրջափակման առանցքային գործիքներից մեկը, կամ գործող կառավարման մոդելի պատճառով վերածվի այդ գործընթացը սահմանափակող խոչընդոտի։ Սեպտեմբերի սկզբին Փաշինյանը հայտարարեց, որ Պուտինի հետ քննարկումից հետո արդեն կա ըմբռնում՝ ներկա վիճակը երկար շարունակվել չի կարող։ Մոսկվան, մինչդեռ, պնդում է, որ կոնցեսիոները կատարում է ստանձնած պարտավորությունները։ Հենց այստեղ է ամբողջ խնդրի էությունը։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի տնտեսության ռազմավարական կարևոր հատվածները՝ գազը, երկաթուղին, էներգետիկան, ֆինանսական համակարգի մի մասը և արդյունաբերական որոշ ակտիվներ , կապվել են մի երկրի հետ։ Այն, ինչ նախկինում ներկայացվում էր որպես տնտեսական արդյունավետության կամ ներդրումների հարց, այսօր արդեն պետք է գնահատվի նաև ինքնիշխանության, տնտեսական անվտանգության և արտաքին կախվածության տեսանկյունից։ ՀԷՑ-ի շուրջ գործընթացը լավ առիթ է այս ամբողջ համակարգը նորից, խնդրին հիմնարար կերպով վերադառնալու համար։ Հայաստանին անհրաժեշտ է ռազմավարական ակտիվների ամբողջական վերանայում՝ հասկանալու, թե որոնք պետք է գտնվեն պետության սեփականության և վերջնական վերահսկողության ներքո, որոնք կարող են հանձնվել մասնավոր կամ միջազգային օպերատորի կառավարմանը, և որտեղ գործող պայմանագրերն արդեն հակասում են երկրի նոր տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերին։ Դրա համար պետք է բացվեն սեփականության շղթաները, վերջնական շահառուները, կոնցեսիոն և ներդրումային պայմանագրերը, ստանձնած ու կատարված պարտավորությունները, հարկային և գնային մեխանիզմները, ինչպես նաև արտաքին սահմանափակումներից բխող ռիսկերը։ ՀԷՑ-ը պետք է դառնա այն կետը, որտեղ Հայաստանը սկսում է վերանայել իր տնտեսության ռազմավարական ամբողջ կառուցվածքը՝ արդեն սեփական պետական շահի տեսանկյունից։



