Դավիթ Թադևոսյանը հանդիպել է ԱՏՁՄ խորհրդի և ռազմավարական անդամների հետ

Հայաստան Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի շրջանակում հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները, ոլորտի մարտահրավերներն ու պետություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Քննարկման առանցքում են եղել ներդրումային միջավայրի կանխատեսելիության բարձրացման, միջազգային տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման, մարդկային կապիտալի զարգացման և բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանն ուղղված քայլերը։ Դավիթ Թադևոսյանն ընդգծել է, որ ԱՏՁՄ-ի հետ հանդիպումը կարևոր հնարավորություն է տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների առաջնահերթություններն ու առաջարկներն անմիջականորեն լսելու, ինչպես նաև ոլորտի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի նոր հնարավորությունները քննարկելու համար։ Նախարարը կարևորել է պետության և մասնավոր հատվածի միջև բաց, կառուցողական և շարունակական երկխոսությունը՝ նշելով, որ ոլորտային քաղաքականության արդյունավետությունը մեծապես կախված է տեխնոլոգիական համայնքի մասնագիտական փորձի և առաջարկների պատշաճ ներառումից։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև առաջիկայում համատեղ նախաձեռնությունների իրականացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման հնարավորություններին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12925

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով