ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։ «Եթե մենք չհասնենք հակամարտության ավարտին մեր պայմաններով, այն կարող է վերածվել համաշխարհային հակամարտության: Ո՞վ կհարձակվեր մեզ վրա. ի վերջո, մենք միջուկային զենք ունենք»,- ասել է նա: Մեդվեդևը խոսել է նաև ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասին. «Ես չեմ ասում, թե նրանք պետք է ընդունեն ռուսական տեսակետը, այլ պարզապես կարող էին գնահատել տեղի ունեցածը․ թե ինչու ունենք այս մտահոգությունները, ինչու մեզ դուր չի գալիս, երբ այս կամ այն պետությունը միանում է ՆԱՏՕ-ին: Ես ասում եմ. «Մեր հրթիռներն ուղղված են ձեր քաղաքների վրա, իսկ ձեր հրթիռները՝ մեր: Եթե դուք մոտենում եք մեզ, թռիչքի ժամանակը գնալով ավելի է կարճանում»: «Ինչո՞ւ պետք է ուրախանանք ՆԱՏՕ-ի մոտենալուց»: Նրանք բոլորն էլ դա հասկանում են, սակայն անտեսեցին մեր դիրքորոշումը»,- ասել է նա: Ըստ նրա. «Ես կցանկանայի, որ ապագա սերունդները և մեր երկրի քաղաքացիները գնահատեին այս ժամանակաշրջանը որպես մի շրջան, երբ մենք պահպանեցինք երկիրը: Ոչ թե պարզապես պահպանեցինք, այլ վերադարձրինք այն մեծ տերությունների շարքը: Մեր երկիրը կարող է գոյատևել միայն որպես մեծ տերություն: Կա՛մ մեծ տերություն, կա՛մ ոչինչ»:



