Սեպտեմբերի 11-ին Լյուքսեմբուրգում Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրոպական գլխավոր դատախազ Լաուրա Կոդրուցա Կովեշին ստորագրեցին աշխատանքային պայմանավորվածություն, որը առաջին հայացքից կարող է թվալ հերթական միջգերատեսչական փաստաթուղթ։ Իրականում այն Հայաստանի եվրոպական մերձեցման ամենաքիչ աղմկոտ, բայց ամենագործնական դրվագներից մեկն է։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն ֆինանսական հանցագործությունների քննության, ապացույցների փոխանակման, հանցավոր ծագում ունեցող ակտիվների սառեցման, առգրավման և բռնագրավման հարցերում։ Անհրաժեշտության դեպքում կարող են ստեղծվել նաև համատեղ քննչական խմբեր։ Սա դեռ Հայաստանի անդամակցությունը չէ Եվրոպական դատախազությանը։ Կովեշիի ղեկավարած կառույցը չի դառնում Հայաստանի վերադաս դատախազը և Հայաստանում ինքնուրույն քրեական հետապնդում իրականացնելու իրավունք չի ստանում, բայց տեղի է ունենում ավելի կարևոր բան․ հայկական իրավապահ համակարգի և եվրոպական ֆինանսական արդարադատության միջև հեռավորությունը կրճատվում է, իսկ ֆինանսական հանցագործության աշխարհում հեռավորությունը հաճախ հենց անպատժելիության չափն է։ XX դարի հանցագործը թաքցնում էր կանխիկը ճամպրուկում։ XXI դարի հանցավոր կապիտալը շատ ավելի քաղաքակիրթ տեսք ունի՝ այն անցնում է բանկային հաշիվներով, ընկերություններով, անշարժ գույքով, ներդրումային հիմնադրամներով ու տարբեր իրավազորություններով։ Փողը վաղուց դարձել է ավելի շարժուն, քան այն հետապնդող պետությունը։ Հենց այս անհավասարությունն է փորձում հաղթահարել Եվրոպական դատախազությունը։ 2021 թվականից գործող EPPO-ն ԵՄ անկախ դատախազական մարմինն է, որը զբաղվում է Միության ֆինանսական շահերին վնասող խարդախություններով, ԵՄ միջոցների յուրացմամբ, խոշոր անդրսահմանային ԱԱՀ խարդախություններով, ինչպես նաև դրանց հետ անքակտելիորեն կապված կոռուպցիայով և փողերի լվացմամբ։ Այսօր նրա վարույթում ավելի քան 2,400 ակտիվ քննություն կա՝ մոտ 19.2 միլիարդ եվրոյի գնահատվող վնասով։ Միայն 2025 թվականին սառեցված կամ առգրավված ակտիվների արժեքը կազմել է շուրջ 1.7 միլիարդ եվրո։ Այդ թվերը բացատրում են, թե ինչու է Հայաստանի ստորագրությունը կարևոր։ Հայաստանը մտնում է եվրոպական ֆինանսական տարածք ոչ միայն քաղաքական հայտարարություններով։ ԵՄ ծրագրերը, դրամաշնորհները, ենթակառուցվածքային ֆինանսավորումը և ներդրումային գործիքները նշանակում են նաև եվրոպական հարկատուի փող։ Իսկ եվրոպական փողի հետ Հայաստան է գալիս եվրոպական վերահսկողությունը։ Սա ինտեգրման հաճախ մոռացվող կողմն է։ Եվրոպան միայն շուկա, վիզաների ազատականացում կամ ֆինանսավորում չէ։ Եվրոպան նաև կարգ ու կանոն է, աուդիտ, հետաքննություն և հարց՝ ո՞ւր գնաց փողը ։ Հայաստանի համար այստեղ երկրորդ՝ նույնիսկ ավելի կարևոր հնարավորությունն է բացվում։ Երկիրը տարիներ շարունակ փորձում է վերադարձնել ապօրինի ծագում ունեցող ակտիվները։ Բայց այդ քաղաքականության ամենադժվար հատվածը սկսվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Անշարժ գույքը կարող է լինել Փարիզում, ընկերությունը՝ Լյուքսեմբուրգում, հաշիվը՝ մեկ այլ եվրոպական երկրում, իսկ սեփականության շղթան՝ տարածված մի քանի իրավազորություններով։ Այստեղ ազգային դատախազությունը միայնակ արագ հասնում է իր իրավասության սահմանին։ Նոր պայմանավորվածությունը հենց այդ սահմանը ավելի թափանցելի դարձնելու հնարավորություն է տալիս։ Կողմերը կարող են կոնկրետ գործերով աջակցել միմյանց տեղեկություններ և ապացույցներ ձեռք բերելու, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող ակտիվները հայտնաբերելու, սառեցնելու, առգրավելու և բռնագրավելու հարցերում։ Բայց այստեղ կա նաև վտանգ։ Միջազգային համագործակցությունը չի կարող փոխարինել հայկական արդարադատության որակին։ Եվրոպական գործընկերը կարող է օգնել գտնել հաշիվը, սեփականության շղթան կամ ակտիվը։ Նա չի կարող Հայաստանի փոխարեն ապացուցել, որ քրեական հետապնդումը քաղաքական չէ, դատարանը՝ անկախ է, իսկ բռնագանձման պահանջը հիմնված է ապացույցի, ոչ թե իշխանության ցանկության վրա։ Հենց այստեղ է ստորագրված փաստաթղթի իրական փորձությունը։ Եթե եվրոպական համագործակցությունը վերածվի միայն ավելի արդյունավետ ակտիվներ որոնելու միջոցի, բայց հայկական համակարգում չբարձրանա քննությունների, ապացույցների և դատական վերահսկողության որակը, մենք պարզապես ավելի ժամանակակից գործիքներով կշարունակենք հին պետությունը։ Եթե, հակառակը, եվրոպական համագործակցությունը ստիպի Հայաստանին բարձրացնել սեփական իրավապահ համակարգի չափանիշները, ապա սեպտեմբերի 11-ի ստորագրությունը կարող է շատ ավելի կարևոր լինել, քան դրա պաշտոնական լեզուն հուշում է, որովհետև Հայաստանի եվրոպական ընտրությունը վերջնականապես որոշվելու է ոչ թե Բրյուսելում հնչած ելույթներով, այլ Երևանում գործող հաստատություններով։ Կովեշիի ղեկավարած կառույցն այդ առումով հետաքրքիր գործընկեր է։ Եվրոպական դատախազությունը կառուցվել է հենց այն գաղափարի վրա, որ ընդհանուր ֆինանսական տարածքը չի կարող գոյություն ունենալ առանց ընդհանուր պատասխանատվության մեխանիզմների։ Հանցավոր փողը օգտվում է բաց սահմաններից. արդարադատությունը չի կարող մնալ փակված ազգային սահմանների ներսում։ Այստեղից էլ Հայաստանի համար ավելի լայն աշխարհաքաղաքական հետևությունը։ Եվրոպական ինտեգրումը միայն արտաքին քաղաքական կողմնորոշում չէ։ Այն աստիճանաբար փոխում է այն տարածքը, որտեղ գործում են հայկական պետության ինստիտուտները։ Մի օր դա մաքսային չափանիշ է, մյուս օրը՝ մրցակցության կանոն, երրորդ օրը՝ դատախազությունների միջև տվյալների փոխանակում։ Աշխարհաքաղաքականությունը հաճախ հենց այսպես է փոխվում՝ ոչ թե ռազմաբազայի բացմամբ, այլ տվյալների բազաների միացմամբ։ Հայաստանի և Եվրոպական դատախազության համաձայնությունը փոքր պայմանագիր է մեծ գործընթացի մեջ, բայց դրա տրամաբանությունը չափազանց պարզ է։ Հայաստանից դուրս բերված ապօրինի փողը չպետք է ավելի ապահով լինի միայն այն պատճառով, որ հատել է սահմանը։ Եվ Հայաստան եկող եվրոպական փողը չպետք է պակաս պաշտպանված լինի միայն այն պատճառով, որ հատել է նույն սահմանը։ Եվրոպային մոտենալու ամենալուրջ պահը գուցե հենց այն է, երբ Եվրոպան սկսում է ոչ միայն մեզ փող առաջարկել, այլև մեզ հետ միասին հետևել, թե ուր է այդ փողը գնում։



