Սեպտեմբերի 11-ին Հայաստանի կառավարությունը նոր կարգ սահմանեց խաղային բիզնեսի համար։ Շահումով և առցանց խաղերի ու բուքմեյքերային գործունեության կազմակերպիչները Պետական եկամուտների կոմիտեին պետք է ամսական հաշվետվություններ ներկայացնեն միասնական ձևաչափով։ Նպատակը շարունակական, ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունն է, թափանցիկությունն ու համադրելի տվյալների բազայի ստեղծումը։ Քայլը ճիշտ է։ Բայց այն ավելի քիչ հեղափոխական է, քան թվում է։ Խաղային ընկերություններն արդեն ներկայացնում էին ֆինանսական հոսքերի վերաբերյալ ամսական հաշվետվություններ և տարեկան ֆինանսական հաշվետվություններն անցկացնում անկախ աուդիտով։ Նոր կարգը հիմնականում փորձում է այդ տեղեկատվությունը դարձնել միասնական և համադրելի։ Սակայն Հայաստանի խնդիրը վաղուց արդեն միայն հաշվետվությունների ձևը չէ։ Խաղային բիզնեսի ծավալն ինքն է դարձել տնտեսական քաղաքականության խնդիր։ 2025 թվականին միայն ինտերնետ շահումով խաղերում Հայաստանում կատարվել է շուրջ 7.5 տրիլիոն դրամի խաղադրույք , խաղատներում՝ ևս շուրջ 185 միլիարդ դրամի ։ Համեմատության համար՝ 2017-ին առցանց խաղադրույքների ծավալը մոտ 0.2 տրիլիոն դրամ էր։ Ութ տարում այն աճել է ավելի քան 35 անգամ։ Այս թվերը, սակայն, պետք է ճիշտ մեկնաբանել։ 7.5 տրիլիոն դրամը ոլորտի ստեղծած տնտեսական արդյունքը չէ․ նույն գումարը կարող է բազմիցս շրջանառվել՝ խաղադրույքից վերածվել շահումի, ապա կրկին դառնալ խաղադրույք, բայց հենց այդ պատճառով թիվն ավելի հետաքրքիր հարց է առաջացնում՝ այդ ահռելի ֆինանսական շարժից ի՞նչ իրական տնտեսական արժեք է մնում Հայաստանում ։ Այո՛, մնում են հարկեր, աշխատատեղեր, բարձր վարձատրվող տեխնոլոգիական մասնագետներ, ծրագրային մշակումներ և արտահանվող ծառայություններ։ Դա անտեսելը նույնքան սխալ կլիներ, որքան խաղային շրջանառությունը տնտեսական աճ համարելը։ SoftConstruct-ը, որը կապված է VBET խաղային էկոհամակարգի հետ, 2025 թվականին վճարել է շուրջ 23.8 միլիարդ դրամ հարկ և եղել Հայաստանի տասներորդ խոշոր հարկատուն ։ 2026-ի առաջին եռամսյակում այն արդեն հինգերորդն էր՝ շուրջ 8 միլիարդ դրամ հարկով ։ Սա լուրջ հարկատու է, բայց խոշոր հարկատու լինելը դեռ նույնը չէ, ինչ տնտեսության համար համարժեք ավելացված արժեք ստեղծելը։ Պղնձի հանքից մնում է արտահանվող հումք, գործարանից՝ արտադրանք, տեխնոլոգիական ընկերությունից՝ գիտելիք և մտավոր սեփականություն, էներգետիկ ներդրումից՝ ենթակառուցվածք։ Իսկ խաղային բիզնեսի տնտեսական հաշվեկշիռը գնահատելիս պետությունը պետք է հաշվի ոչ միայն այն, թե որքան հարկ է ստացել, այլև՝ որքան տնային տնտեսությունների եկամուտ է տեղափոխվել խաղային համակարգ, որքան պարտք է առաջացել, որքան սպառում կամ խնայողություն է դուրս մղվել և ինչ սոցիալական ծախս է մնացել պետությանը։ Հենց այստեղ է նոր կարգավորման առաջին սահմանը։ Հաշվետվությունը վերահսկողություն չէ։ Այն վերահսկողության հումքն է։ Եթե պետությունն ամիսը մեկ ստանում է այն տեղեկությունը, որը ներկայացնում է հենց վերահսկվող ընկերությունը, ապա տեսնում է ընկերության ներկայացրած պատկերը։ Իրական վերահսկողությունը սկսվում է այնտեղ, որտեղ այդ պատկերը հնարավոր է համադրել բանկային հոսքերի, խաղացողների հաշիվների, առանձին խաղադրույքների, հարկային տվյալների, վճարային համակարգերի և կազմակերպչի սկզբնական թվային տվյալների հետ։ Այս տարբերությունն առավել կարևոր է այնպիսի խոշոր և միջազգային գործունեություն ծավալող խաղային բիզնեսի դեպքում, ինչպիսին «Վիվառո»-ն է, որի ֆինանսական, տեխնոլոգիական և կորպորատիվ կապերը չեն սահմանափակվում Հայաստանի շուկայով։ Ամսական հաշվետվությունը երեկվա տնտեսության գործիք է մի բիզնեսի համար, որն աշխատում է վայրկյանների արագությամբ։ Մեկ ամսում կարող են կատարվել միլիոնավոր գործողություններ՝ մուտքեր, ելքեր, բոնուսներ, չեղարկումներ, փոխանցումներ։ Ամսվա վերջի հանրագումարը կարող է թվաբանորեն ճիշտ լինել և ոչինչ չպատմել առանձին կասկածելի շղթայի մասին։ Հայաստանն արդեն նախատեսել է ավելի ուժեղ գործիք։ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով ստեղծվող մշտադիտարկման համակարգը պետք է կազմակերպիչների համակարգերում իրական ժամանակում հասանելիություն ունենա խաղային արտադրանքների, խաղանիշերի, շահումների և խաղային իրադարձությունների վերաբերյալ տվյալներին։ 2026-ի օգոստոսին կառավարությունը նշանակեց նաև կարգավորման օպերատոր։ Մի դեպքում պետությունը հարցնում է՝ «ասա՝ այս ամիս ինչ ես արել»։ Մյուս դեպքում պետությունը կարող է ինքնուրույն տեսնել՝ ինչ է կատարվում։ Բայց նույնիսկ դա ամբողջ պատասխանը չէ։ Ժամանակակից խաղային խոշոր խումբը մեկ դրամարկղով ընկերություն չէ։ Այն կարող է ունենալ տարբեր երկրներում գրանցված տեխնոլոգիական ընկերություններ, ծրագրային մատակարարներ, ապրանքանիշեր, վճարային միջնորդներ և փոխկապակցված կառույցներ։ Եթե հայկական կարգավորիչը տեսնում է միայն Հայաստանում լիցենզավորված կազմակերպչին, բայց ամբողջությամբ չի տեսնում փոխկապակցված ընկերությունների հետ գործարքները, ծառայությունների դիմաց վճարումները և անդրսահմանային ֆինանսական հոսքերը, կարող է մանրամասն տեսնել ծառը՝ այդպես էլ չտեսնելով անտառը։ Ուստի անհրաժեշտ է երկրորդ պաշտպանական գիծ՝ իրական շահառուների ու փոխկապակցված անձանց գործարքների բացահայտում, արտասահմանյան հոսքերի առանձին դասակարգում, խոշոր և անսովոր գործարքների հիմնավորում, միջոցների ծագման ստուգում և ՊԵԿ-ի, ֆինանսական հետախուզության ու բանկային վերահսկողության միջև տվյալների համակարգված փոխանակում։ Եվ այստեղ կա նաև քաղաքական խնդիրը։ Երբ խաղային բիզնեսը պարզապես բիզնես է, պետության հարաբերությունը նրա հետ հարկային և կարգավորիչ է։ Երբ նույն տնտեսական շրջանակը հայտնվում է քաղաքական իշխանության հետ տեսանելի մերձեցման դաշտում, վերահսկողության չափանիշը պետք է ոչ թե մեղմանա, այլ բարձրանա։ Պետությունը պետք է կարողանա ցույց տալ, որ իշխանությանը մոտ կանգնած ընկերության հաշվետվությունը ստուգվում է նույն խստությամբ, ինչ իշխանության հետ որևէ հարաբերություն չունեցող ընկերությանը։ Ժողովրդավարական պետության ամենավտանգավոր սողանցքը երբեմն օրենքի մեջ չէ ՝ այն օրենքը կիրառողի հայեցողության մեջ է։ Հայաստանում խաղային տնտեսությունն արդեն այնպիսի չափերի է հասել, որ հարցը միայն խաղամոլության դեմ պայքարը չէ։ Հարցն այն է, թե ինչպիսի տնտեսություն ենք կառուցում։ Եթե մի ոլորտում խաղադրույքների ծավալը հաշվվում է տրիլիոններով, իսկ այդ ոլորտի ընկերությունները բարձրանում են երկրի խոշորագույն հարկատուների առաջին տասնյակ, պետությունը պետք է չափի ոչ միայն նրանց վճարած հարկերը, այլև նրանց զուտ տնտեսական ու սոցիալական արդյունքը ։ Որովհետև տնտեսության մեծությունը միայն փողի շարժման արագությունը չէ։ Կարևոր է նաև՝ ինչ է մնում այդ շարժումից հետո։ Ամսական հաշվետվությունները ցույց կտան թվերը։ Իրական ժամանակի մշտադիտարկումը՝ գործարքները։ Բայց լավ կարգավորիչը պետք է կարողանա պատասխանել ավելի մեծ հարցի՝ տրիլիոնների հասնող այս շրջանառությունից ինչ է շահում Հայաստանը՝ հարկերից բացի, և ինչ գին է վճարում դրա դիմաց ։ Այդ հարցի պատասխանը որևէ հաշվետվության մեկ տողում չի տեղավորվի։



