Ֆրանսիայում 44 մարդ է տուժել, երբ գնացքը դուրս է եկել ռելսերից։ Գնացքն ընթանում էր Նորմանդիա շրջանի Ռուան և Կան քաղաքների միջև։ Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն։ Գործարկվել է զանգվածային տուժածներով արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագիրը, և դեպքի վայր են ուղարկվել 130 հրշեջ, հինգ բժշկական խումբ ու տեխնիկայի 80 միավոր։ Ընդհանուր առմամբ տուժել է 44 ուղևոր, իսկ 18-ամյա մի երիտասարդ կին ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Հետազոտության արդյունքում գնացքավարի արյան մեջ ալկոհոլի և թմրանյութերի առկայություն չի հաստատվել։ Ֆրանսիական երկաթուղային ենթակառուցվածքը շահագործող SNCF Réseau ընկերությունը հայտնել է, որ գնացքների երթևեկությունը դադարեցվել է, իսկ գծերի էլեկտրամատակարարումն անջատվել՝ արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատանքն ապահովելու նպատակով։



