«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրում է. «Կլիմայի փոփոխության միջկառավարական փորձագիտական խմբի՝ IPCC-ի վեցերորդ գնահատման զեկույցի համաձայն՝ վերջին երկու հազարամյակում աննախադեպ տեմպերով ընթացող գլոբալ տաքացման պատճառը մարդու գործունեությունն է։ Դա ստուգելու համար գիտնականները մոդելավորել են, թե ինչպես կփոխվեր Երկրի ջերմաստիճանն առանց մարդու ազդեցության՝ հաշվի առնելով միայն Արեգակի ակտիվությունն ու հրաբխային գործունեությունը։ Այդ սցենարի դեպքում վերջին 170 տարում մոլորակի միջին ջերմաստիճանը գրեթե չէր փոխվի։ Սակայն երբ մոդելներում ներառվել են նաև մարդածին արտանետումները, հաշվարկների արդյունքները համընկել են իրական դիտարկումների հետ։ Այսպիսով՝ XIX դարի վերջի համեմատ արձանագրված 1,09 °C տաքացումից մարդու գործունեության ներդրումը գնահատվել է 1,07 °C, իսկ բնական գործոններինը՝ ընդամենը 0,02 °C»։



