Տասնամյակներ շարունակ փոքր պետությունների անվտանգությունը չափվել է բանակով, զենքով, դաշնակիցներով և էներգետիկ ռեսուրսներով։ Արհեստական բանականության դարաշրջանում այդ ցուցակին ավելացել է ևս մեկը՝ հաշվարկային հզորությունը։ The Wall Street Journal-ի հետաքննությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը Հայաստանի համար NVIDIA-ի առաջատար չիպերի հասանելիությունն օգտագործել է նաև որպես խաղաղության գործընթացի տնտեսական խթան։ Իսկ Հրազդանում արդեն գործարկված Firebird-ի առաջին փուլը նախատեսվում է մինչև 2027-ի վերջ ընդլայնել ավելի քան 70 հազար առաջատար գրաֆիկական պրոցեսորի և 300 ՄՎտ հաշվարկային ենթակառուցվածքի։ Սա արդեն միայն տեխնոլոգիական ներդրում չէ։ Սա էներգետիկայի, կրթության, գիտության, տնտեսության և վերջապես՝ ազգային անվտանգության հարց է։ Որովհետև ժամանակակից պետության ուժը միայն այն չէ, թե որքան զենք ունի, այլև՝ որքան տվյալ կարող է մշակել, ինչ արագությամբ կարող է որոշումներ ընդունել, սեփական մոդելներ ստեղծել, պաշտպանել թվային ենթակառուցվածքը և որքան անփոխարինելի կարող է դառնալ գործընկերների համար։ Հայաստանի գլխավոր հարցը, հետևաբար, 70 հազար չիպ ունենալը չէ։ Հարցն այն է՝ կարո՞ղ ենք այդ հաշվարկային հզորության շուրջ կառուցել ազգային կարողություն և տնտեսական ու անվտանգային բարձիկ։ Զրուցել ենք IT ոլորտի փորձագետ, «Bitcoin Armenia»-ի հիմնադիր Էդուարդ Ավետիսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



