Կանադան պատրաստվում է միանալ Ուկրաինային տրամադրվող Եվրամիության 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրին։ Այդ մասին Financial Times-ին հայտնել են հարցին ծանոթ աղբյուրները։ Նրանց տեղեկություններով՝ Օտտավան և Բրյուսելը մտադիր են Կանադայի ներդրման չափի շուրջ համաձայնության գալ մինչև հոկտեմբերին Մոնրեալում նախատեսված ԵՄ գագաթնաժողովի մեկնարկը։ Եթե պայմանավորվածությունը կայանա, Կանադան կդառնա եվրոպական բլոկից դուրս երկրորդ երկիրը, որը կմասնակցի Ուկրաինայի համար նախատեսված վարկային ծրագրին։ Ավելի վաղ ծրագրին միացել էր Բրիտանիան։ Financial Times-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ձգտում է ամրապնդել ընդհանուր արժեքներին հավատարիմ լիբերալ պետությունների դաշինքը՝ հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության ֆոնին։ Ուկրաինային տրամադրվող վարկային ծրագրին մասնակցությամբ Քարնին ցանկանում է ընդգծել Կանադայի աջակցությունն ու նվիրվածությունը եվրոպացի դաշնակիցներին։ Եվրոպացի պաշտոնյաներից մեկը Financial Times-ին ասել է, որ Բրյուսելը գնահատում է Կանադայի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և պատրաստ է Օտտավայի հետ համատեղ ավելին անել։



