Լեհաստանը զորքերով կուժեղացնի Ուկրաինայի հետ սահմանը, հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշն Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոյի հետ կայացած հանդիպումից հետո։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Անհրաժեշտ է ուժեղացնել Սահմանապահ ծառայությունը Ուկրաինայի հետ սահմանի հատվածում։ Սահմանապահ զորքերին աջակցություն կտրամադրեն ինչպես ինժեներական, այնպես էլ օպերատիվ ստորաբաժանումները։ Բանակն ավելի մեծ չափով կաջակցի սահմանապահներին, քան մինչև այժմ եղել է», – ասել է Կոսինյակ-Կամիշը։ Դրա հետ մեկտեղ նա հիշեցրել է Բելառուսի հետ սահմանին սահմանապահներին օգնելու նպատակով զորքեր ուղարկելու մասին և հավելել, որ «միգրացիոն ալիքը, որը դիտվել է 2022-2025 թվականներին, 2026-ից ի վեր այնքան էլ ուժեղ չէ»։ 2021 թ. կեսերին լեհ-բելառուսական սահմանին կուտակվել էր ԵՄ երկրներ մուտք գործելու հույս ունեցող մի քանի հազար միգրանտ։ Այդ ժամանակվանից ի վեր անօրինական միգրանտները ամեն ամիս փորձում են մուտք գործել Լեհաստան։ Լեհական իշխանությունները խստացրել են սահմանների պահպանությունը, տեղակայել են զինվորականների և կասեցնում են անօրինական միգրանտների կողմից սահմանը հատելու փորձերը՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամի համար։ Բելառուսը հերքում է այդ բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ Լեհաստանը բռնի կերպով արտաքսում է միգրանտներին իր տարածք և արհեստականորեն սրում փախստականների հետ կապված իրադրությունը։



