Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի շրջանակում հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Տարածված կարճ պաշտոնական հաղորդագրության հետևում, սակայն, Հայաստանի էներգետիկ ապագան որոշող երկու ռազմավարական հարց կա՝ Մեծամորի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումն ու նոր ատոմակայանի մոդելի ընտրությունը։ Առաջինը վերաբերում է առաջիկա տարիների էներգետիկ կայունությանը, երկրորդը՝ Հայաստանի հաջորդ կես դարի էներգետիկ ճարտարապետությանը ։ Հայաստանում, սակայն, էներգետիկան շարունակում է կառավարվել մի նախարարության ներսում, որը միաժամանակ զբաղվում է տարածքային կառավարմամբ, ճանապարհներով, տրանսպորտով, ջրային համակարգերով, պետական գույքով և ենթակառուցվածքների այլ ոլորտներով։ Էներգետիկ բլոկն այս տարվա հունվարից համակարգում է փոխնախարար Նարեկ Ապիտոնյանը։ Դա անհրաժեշտ քայլ էր, բայց խնդիրը վաղուց արդեն մեկ փոխնախարար ունենալ-չունենալու մասին չէ։ Հայաստանի էներգետիկ օրակարգի մասշտաբն այլևս չի տեղավորվում այն կառավարող ներկայիս վարչական կառուցվածքի սահմաններում։ Առաջիկա տարիներին պետությունը միաժամանակ պետք է որոշի գործող ատոմակայանի ապագան, ընտրի նոր միջուկային հզորության տեխնոլոգիան և գործընկերներին, լուծի ՀԷՑ-ի կառավարման ու սեփականության հարցը, վերակառուցի էլեկտրահաղորդման համակարգը, ընդլայնի արևային էներգետիկան, կառավարի գազային կախվածությունները և զարգացնի էլեկտրաէներգիայի փոխանակումը հարևանների հետ։ Մեծամորի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման ծրագիրն արդեն ընթացքի մեջ է, իսկ նոր կայանի ընտրությունը մտնում է որոշումների փուլ։ Սրանք այլևս պարզապես տեխնիկական հարցեր չեն։ Նոր ատոմակայանի ընտրությունը միաժամանակ տեխնոլոգիայի, ֆինանսավորման և արտաքին քաղաքականության ընտրություն է։ Ամերիկյան, ռուսական կամ այլ տեխնոլոգիական լուծումները տարբեր մատակարարման շղթաներ, վառելիքային կախվածություններ, անվտանգության համակարգեր և տասնամյակներ տևող քաղաքական հարաբերություններ են ստեղծում։ Ատոմակայանը կառուցվում է մի քանի տարում, բայց պետության աշխարհաքաղաքական քարտեզի վրա մնում է կես դար։ Նույնը ՀԷՑ-ն է։ Էլեկտրական ցանցը պարզապես էլեկտրալարերի ու ենթակայանների ամբողջություն չէ՝ դա տնտեսության արյունատար համակարգն է։ Եթե դրա կառավարման նոր մոդել է ձևավորվելու և պետությունը մասնավոր կառավարչի է ներգրավելու, անհրաժեշտ է այնպիսի պետական կառույց, որը կարող է ոչ միայն պայմանագիր ստորագրել, այլև հասկանալ ներդրումային պարտավորությունները, սակագնային հետևանքները, ցանցի թվայնացումը, էներգետիկ անվտանգությունն ու օտարերկրյա կապիտալի ռազմավարական ազդեցությունը։ Հենց այդ պատճառով Հայաստանին այսօր անհրաժեշտ է լրջորեն քննարկել առանձին էներգետիկայի նախարարություն վերականգնելու հարցը ։ Խոսքը պետական ապարատը ևս մեկ գերատեսչությամբ մեծացնելու մասին չէ։ Հայաստանին անհրաժեշտ է կոմպակտ, բայց բարձր մասնագիտական կարողությամբ կառույց, որտեղ մեկ կենտրոնում կհամադրվեն միջուկային էներգետիկան, էլեկտրաէներգետիկ համակարգը, գազային ենթակառուցվածքները, վերականգնվող էներգիան, ներդրումային քաղաքականությունը, միջազգային իրավունքն ու էներգետիկ դիվանագիտությունը։ Հիսուն-վաթսուն բարձրակարգ մասնագետ պահելը պետության համար անհամեմատ ավելի էժան է, քան ռազմավարական նշանակության մեկ սխալ որոշման գինը ։ Առանձնապես անհրաժեշտ է միջազգային էներգետիկ դիվանագիտության հզոր ստորաբաժանում։ Վաշինգտոնի հետ նոր միջուկային համագործակցությունը, Բրյուսելի հետ էներգետիկ ինտեգրումը, Վրաստանի ու Թուրքիայի միջոցով եվրոպական շուկաների հետ կապը, Իրանի հետ փոխանակումները և Ռուսաստանի հետ գործող պայմանագրերը պահանջում են մարդկանց, որոնց աշխատանքը հենց բանակցելն է։ Նախարարության կարգավիճակն այստեղ միջազգային հարաբերություններում պաշտոնական մանդատը նաև բանակցային կշիռ է։ Հայաստանն արդեն ունեցել է Էներգետիկայի նախարարություն։ Այն վերացավ ոչ այն պատճառով, որ էներգետիկան կորցրել էր նշանակությունը, այլ պետական կառավարման խոշորացման տրամաբանության հետևանքով։ Այսօր աշխարհն ընթանում է հակառակ ուղղությամբ․ էներգետիկ անվտանգությունը վերադարձել է ազգային անվտանգության կենտրոն՝ Ուկրաինայի պատերազմից մինչև Իրանի շուրջ ճգնաժամ, եվրոպական գազից մինչև միջուկային տեխնոլոգիաների նոր մրցակցություն։ Վիեննայի հանդիպումն այդ փոփոխությունը հիշեցնող փոքր դրվագ է։ Սեղանին Հայաստանի գործող ատոմակայանի ապագան է և հաջորդի ընտրությունը։ Մյուս սեղանին ՀԷՑ-ն է։ Երրորդին՝ գազը, արևային էներգիան և տարածաշրջանային էլեկտրական կապերը։ Երբ մի պետություն միաժամանակ պետք է որոշի, թե ով է կառուցելու իր հաջորդ ատոմակայանը, ով է կառավարելու իր էլեկտրացանցը եւ որտեղից է ստանալու իր էներգիան, էներգետիկան այլ եւս ենթակառուցվածքների նախարարության բլոկ չէ։ Այն պետական ռազմավարության առանձին կենտրոն է։ Հայաստանին այսօր անհրաժեշտ է ոչ միայն էներգետիկ քաղաքականություն։ Նրան անհրաժեշտ է այդ քաղաքականությունն իրականացնելու համապատասխան պետական կարողություն։



