Իլհամ Ալիևը Բաքվում մահմեդական կրոնական առաջնորդների առջև միաժամանակ երկու ուղերձ է հնչեցրել։ Առաջինը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր խաղաղություն է, և Բաքուն ցանկանում է այն երկարատև դարձնել։ Երկրորդը՝ Հայաստանը ներկայացվել է որպես երեք տասնամյակ շարունակ հանցագործություն, «բարբարոսություն» և ցեղասպանություն իրականացրած պետություն, հայ բանտարկյալները՝ որպես «մանկասպաններ», իսկ Ադրբեջանի ռազմական ուժը՝ երկրի ապագայի գլխավոր երաշխիք։ Նույն ելույթում Ալիևը հայտարարել է, որ աշխարհում «ուժի գործոնը» կրկին առաջնային է դարձել և Ադրբեջանը շարունակելու է մեծացնել ռազմական հզորությունը։ Սա արդեն ոչ թե պատերազմի հիշողության պահպանում է, այլ խաղաղության մի մոդել, որտեղ ռազմական հաղթանակը վերածվում է նաև պատմության մեկնաբանման բացառիկ իրավունքի։ Բաքվի պաշտոնական պատմությունը կառուցված է մի տրամաբանության վրա, որտեղ Ադրբեջանի սեփական կորուստներն ու դժգոհությունները ներկայացվում են որպես անվիճելի պատմական ճշմարտություն, իսկ հայկական կողմի կրած կորուստներն ու տառապանքը՝ որպես կեղծիք կամ քարոզչություն ։ Այդպիսի ընտրողական հիշողությունը հաշտեցման հիմք չի ստեղծում։ Երբ պետությունը սեփական վարկածը վերածում է միակ թույլատրելի պատմության եւ մյուս կողմի կորուստները փորձում ջնջել հանրային ու քաղաքական հիշողությունից, խաղաղությունը փոխարինվում է հաղթողի պարտադրած պատմագրությամբ։ 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայ մեկ շաբաթվա ընթացքում հասավ Հայաստան։ Այդ թիվը արձանագրել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։ Նույն տարվա նոյեմբերին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել Ղարաբաղից հեռացած և վերադառնալ ցանկացող մարդկանց անվտանգ, անարգել և արագ վերադարձը, իսկ մնացողներին պաշտպանել այնպիսի ուժից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց ստիպել հեռանալ։ Նույն հակասությունն առավել տեսանելի է մշակութային ժառանգության հարցում։ Ալիևը Հայաստանին մեղադրում է մզկիթների ոչնչացման մեջ, մինչդեռ անկախ Caucasus Heritage Watch ծրագիրը արբանյակային դիտարկումներով փաստագրել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, վերափոխման եւ ինքնության խեղաթյուրման դեպքեր ՝ ներառյալ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ՝ Կանաչ ժամ եկեղեցին և հայկական պատմական գերեզմանոցները։ Այս պայմաններում Բաքվի՝ մշակութային ժառանգության պաշտպանության մասին հռետորաբանությունը դժվար է տարանջատել հայկական պատմական հետքը վերաձ եւ ակերպելու եւ աստիճանաբար ջնջելու քաղաքականությունից։ Ու հենց այս ֆոնին Գանձասարը «Գանջասար», Դադիվանքը՝ «Խուդավենք» անվանելը կամ հայկական միջնադարյան վանքերը բացառապես «Կովկասյան Աղվանքի ժառանգություն» ներկայացնելը լեզվական մանրուք չէ։ Երբ տեղանվան փոփոխությանը միանում է այդ տարածքի հայկական պատմական ներկայության վերագրումն ու վերաիմաստավորումը, գործ ունենք արդեն ոչ թե անվանափոխության, այլ պատմական հիշողության համակարգված վերաշարադրման հետ։ Եվրոպան այս ճշմարտությունը հասկացավ միայն աղետալի պատերազմներից հետո։ Երկրորդ համաշխարհայինից հետո ֆրանս-գերմանական հաշտեցումը հնարավոր դարձավ ոչ այն պատճառով, որ կողմերը մոռացան անցյալը, այլ որովհետև դադարեցին հաղթանակն ու պարտությունը դարձնել ապագա հարաբերությունների մշտական հիմք ։ Խաղաղության համար պատմությունը ջնջել պետք չէր․ պետք էր հրաժարվել այն անվերջ քաղաքական զենքի վերածելուց։ Հարավային Կովկասը հիմա կանգնած է հենց այդ ընտրության առջև։ Բաքուն ռազմական ճանապարհով հասել է իր նպատակներին և վերահսկողություն հաստատել Ղարաբաղի նկատմամբ, բայց ռազմական արդյունքն ինքնին խաղաղություն չի ստեղծում ։ Պատերազմով հնարավոր է փոխել ուժերի հարաբերակցությունն ու պարտադրել նոր իրողություն, մինչդեռ խաղաղությունը պահանջում է այդ իրողությունը վերածել փոխադարձորեն ընդունելի և կայուն քաղաքական կարգի ։ Ալիևի այս ելույթում խաղաղության և հաղթանակի սահմանը գրեթե վերանում է։ Մի կողմից նա հայտարարում է պատերազմի ավարտի և երկարատև խաղաղության մասին, մյուս կողմից պետական նարատիվը շարունակում է կառուցել հաղթողի գերազանցության, հակառակորդի նվաստացման, ռազմական հատուցման և ուժի գերակայության վրա ։ Խնդիրը միայն կոշտ հռետորաբանությունը չէ, այլ այն քաղաքական մտածողությունը, որը խաղաղությունը ընկալում է ոչ թե հարաբերությունների վերակառուցում, այլ պատերազմի արդյունքների անվերջ հաստատում ։ Այդպիսի խաղաղությունը կարող է ունենալ սահմանազատված սահմաններ, բաց ճանապարհներ, երկաթուղի, դիվանագիտական հարաբերություններ և նույնիսկ ստորագրված պայմանագիր, բայց եթե պաշտոնական լեզվում հարևան ժողովուրդը շարունակում է ներկայացվել որպես «բարբարոս», «օկուպանտ» և մշտական սպառնալիք, ապա կարող են բացվել հաղորդակցությունները, բայց փակ մնալ խաղաղության ամենակարևոր ճանապարհը՝ հասարակությունների միջև վստահության ճանապարհը ։ Ադրբեջանը ռազմական ճանապարհով հասել է իր հիմնական նպատակին։ Այժմ նրա առջև շատ ավելի բարդ խնդիր է՝ ապացուցել, որ հաղթանակը կարող է ավարտվել խաղաղությամբ, ոչ թե խաղաղությունը վերածվել հաղթանակի շարունակվող ցուցադրության ։ Իսկական խաղաղությունը սկսվում է այն ժամանակ, երբ հաղթողը հրաժարվում է ապագան միայն իր հաղթանակի լեզվով սահմանելուց։



