Վրաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել «Trump Tower Tbilisi» նախագծի միջազգային շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցել են «Trump Organization»-ի ներկայացուցիչներ, վրացի պաշտոնյաներ և նախագծի ներդրողներն ու մշակողները։ Հեռավար ձևաչափով ելույթ է ունեցել նաև Էրիկ Թրամփը՝ ԱՄՆ գործող նախագահի որդին և «Trump Organization»-ի գործադիր փոխնախագահը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ նախագծի շրջանակում նախատեսվում է շուրջ 2 միլիարդ դոլարի ներդրում և մոտ 600 հազար քառակուսի մետր տարածքի զարգացում։ «Trump Tower»-ը նախատեսվում է կառուցել նախկին հիպոդրոմի տարածքում՝ «The Downtown Tbilisi» վեց երկնաքերերից բաղկացած համալիրի կենտրոնական աշտարակի տեսքով։ Նախագծի համաձայն՝ աշտարակը կունենա մոտ 259 մետր բարձրություն և մինչև 70 հարկ։ Նախնական վաճառքի գները կարող են սկսվել մեկ քառակուսի մետրի համար 7 հազար դոլարից, իսկ վերին հարկերում հասնել մինչև 15 հազար դոլարի։



