ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանին The Hill-ը տվել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջիկա շրջանի ամենազգայուն հարցերից մեկը․ եթե Վաշինգտոնը Երևանին առաջարկի միանալ Իրանի տնտեսական մեկուսացման քաղաքականությանը, Հայաստանը կքննարկի՞ նման առաջարկը։ Պատասխանը եղել է կարճ՝ «Ամեն ինչ քննարկելի է»։ Նույն հարցազրույցում Մկրտչյանը շեշտել է նաև, որ Հայաստանը Իրանի հետ ունի անմիջական սահման, հայկական համայնք և բնականոն հարաբերությունների պահպանման անհրաժեշտություն, իսկ TRIPP-ը չի կառուցվում ո՛չ Իրանի, ո՛չ Ռուսաստանի դեմ։ Այս արտահայտությունից Հայաստանի՝ Իրանի նկատմամբ քաղաքական շրջադարձ եզրակացնելը, սակայն, նշանակում է դիվանագիտական բառին տալ մի իմաստ, որը այն պարտադիր չէ, որ ունենա։ Քննարկել նշանակում է խոսել, լսել առաջարկը, ներկայացնել սեփական սահմանափակումներն ու շահերը։ Դա ինքնին չի նշանակում այդ հեռանկարը ո՛չ հավանական, ո՛չ ընդունելի և առավել ևս՝ արդեն ընտրված համարել։ Դիվանագիտությունն ընդհանրապես սկսվում է հենց այնտեղ, որտեղ պետությունը չի պարտավորվում յուրաքանչյուր բարդ հարցի նախապես պատասխանել «այո» կամ «ոչ»։ Սա հատկապես կարևոր է Հայաստանի դեպքում, որովհետև Իրանի հարցում Երևանն ու Վաշինգտոնը նոր չեն հանդիպում նույն հակասությանը։ Դեռ 2002 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը հրապարակայնորեն ասում էր, որ Վաշինգտոնը հասկանում է Հայաստանի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դրությունը, իսկ Իրանի հետ ամուր առևտրային և բարիդրացիական սահմանային հարաբերությունները Հայաստանի համար «կրիտիկական կարևորություն» ունեն։ Միաժամանակ ԱՄՆ-ը Երևանից ակնկալում էր համագործակցություն Իրանի հետ կապված անվտանգության և չտարածման հարցերում։ Այսինքն՝ արդեն այն ժամանակ ձևավորվել էր մի պարզ տարբերակում՝ Հայաստանի բնականոն հարաբերությունները Իրանի հետ և ԱՄՆ-ի մտահոգությունները Իրանի քաղաքականության վերաբերյալ պարտադիր չէ նույն հարթության վրա դնել։ Նույն տրամաբանությունը երևաց նաև 2018-ին։ Ջոն Բոլթոնը Երևանում խոսում էր Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խիստ կիրառման մասին, բայց միաժամանակ ընդգծում էր, որ Վաշինգտոնը չի ցանկանում այդ գործընթացում վնասել իր բարեկամներին։ Փաշինյանը հետագայում հայտարարեց, որ ամերիկյան կողմին հստակ ներկայացրել է Իրանի հետ առանձնահատուկ հարաբերություններ պահպանելու Հայաստանի անհրաժեշտությունը և իր տպավորությամբ այդ դիրքորոշումը հասկանալի էր ամերիկյան պատվիրակությանը։ Սա չի նշանակում, որ ԱՄՆ-ը երբևէ անտարբեր է եղել հայ-իրանական տնտեսական կապերի նկատմամբ։ Հակառակը՝ Վաշինգտոնը հետևողականորեն բարձրացրել է պատժամիջոցների, արտահանման վերահսկողության և զգայուն տեխնոլոգիաների փոխանցման հարցերը։ 2025 թվականի ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության փաստաթղթերում ևս արձանագրված էր Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել պատժամիջոցների կիրարկման հարցում։ Բայց հենց այստեղ է կարևոր սահմանազատումը․ պատժամիջոցների պահպանումը մի բան է, սեփական հարևանի տնտեսական և քաղաքական մեկուսացման ռազմավարության մաս դառնալը՝ մեկ այլ բան։ Հայաստանի համար Իրանը պարզապես արտաքին քաղաքական գործընկեր չէ, որին հնարավոր է փոխարինել ավելի հարմար գործընկերով։ Այն աշխարհագրություն է։ Երբ երկրի չորս ցամաքային սահմաններից երկուսը տասնամյակներ շարունակ փակ են եղել, Իրանի հետ սահմանը ձեռք է բերում այնպիսի նշանակություն, որը միայն առևտրաշրջանառության թվերով հնարավոր չէ չափել։ Այն էներգետիկ կապ է, դեպի հարավ հաղորդակցության հնարավորություն և ռազմավարական այլընտրանք այն իրավիճակներում, երբ Հայաստանի մյուս ուղղությունները սահմանափակվում են։ Աշխարհագրությունը արտաքին քաղաքական նախասիրություն չէ։ Հենց այդ պատճառով Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների խորացումը և Հայաստան–Իրան բնականոն հարաբերությունների պահպանումը պարտադիր չէ ներկայացնել որպես երկու իրար բացառող ճանապարհներ։ TRIPP-ը, սակայն, այդ հավասարակշռությունը դարձնում է շատ ավելի նուրբ։ Նախագիծը նախատեսվում է Հայաստանի հարավում՝ Իրանի սահմանին անմիջականորեն հարող տարածքում, և միաժամանակ ենթադրում է երկարաժամկետ ամերիկյան տնտեսական ու ենթակառուցվածքային ներգրավվածություն։ Մկրտչյանը վերջին հարցազրույցներում ասել է, որ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, իսկ շինարարական փուլը կարող է սկսվել 2027 թվականի սկզբին։ Նա նաև շեշտել է Հայաստանի մտադրությունը TRIPP-ի զարգացմանը զուգահեռ պահպանել հարաբերությունները և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի հետ։ Հետևաբար Իրանի մտահոգությունները կանխատեսելի են։ Ամերիկյան երկարաժամկետ ներկայությունը իր հյուսիսային սահմանի մոտ Թեհրանը բնականաբար դիտարկելու է նաև սեփական անվտանգության տեսանկյունից, իսկ Վաշինգտոնը, իր հերթին, Իրանի նկատմամբ վարում է բոլորովին այլ ռազմավարություն։ Հայաստանի խնդիրը այս հակադրությունը վերացնելը չէ․ Երևանը նման կարողություն չունի։ Խնդիրը հասկանալն է, որ Հայաստանի երկու մեծ բարեկամների և միաժամանակ իրար նկատմամբ հակառակորդների միջև գտնվող փոքր պետության շահերը պարտադիր չէ ամբողջությամբ համընկնեն նրանցից որևէ մեկի շահերի հետ։ Այստեղ է նաև «ամեն ինչ քննարկելի է» ձևակերպման իրական արժեքը։ Այն չի ասում՝ Հայաստանը պատրաստ է Իրանի մեկուսացմանը։ Չի ասում նաև, որ որևէ առաջարկ նախապես բացառված է։ Այն պարզապես պահպանում է այն, ինչ արտաքին քաղաքականության մեջ հատկապես անհրաժեշտ է փոքր պետությանը՝ սեփական պատասխանը ձևակերպելու տարածքը։ Ավելին՝ դեսպան Մկրտչյանի նույն հարցազրույցի մյուս հատվածները հենց այդ սահմանն են ընդգծում։ TRIPP-ի մաքսային, հարկային, ոստիկանական և անվտանգային լիազորությունները, նրա խոսքով, մնալու են հայկական պետական մարմինների իրավասության ներքո։ Նա նաև գործընթացը բնորոշել է որպես դիվերսիֆիկացիա՝ Ռուսաստանից մեկ այլ կենտրոնի ենթակայության անցնելու փոխարեն։ Սա Հայաստանի արտաքին քաղաքականության առաջիկա շրջանի առանցքային փորձությունն է։ Երևանը կարող է խորացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, ներգրավել ամերիկյան կապիտալ, տեխնոլոգիա ու անվտանգության նոր հնարավորություններ։ Միաժամանակ որևէ աշխարհաքաղաքական վերադասավորում չի տեղափոխելու Հայաստանը Իրանի սահմանից։ Հետևաբար հարցը «Ամերիկա՞, թե՞ Իրան» չէ, հարցն այն է՝ Հայաստանը կկարողանա՞ ամերիկյան գործընկերության խորացումը վերածել սեփական հնարավորությունների ընդլայնման՝ առանց իրանական ուղղությամբ ստեղծելու նոր ռազմավարական խոցելիություն։ Այդտեղ արդեն գործում է ինքնիշխան արտաքին քաղաքականության հիմնական կանոնը՝ քննարկել բոլորի հետ, լսել բոլորին, բայց վերջնական որոշումը չափել միայն սեփական պետական շահի պրիզմայով:



