Երբ մարդասիրական այցը կարող է դառնալ Բաքվի փաստարկը

Ազգային ժողովում հնչել է առաջին հայացքից դժվար վիճարկելի առաջարկ․ ձևավորել իշխանության և ընդդիմության պատգամավորներից կազմված պատվիրակություն, մեկնել Բաքու, հանդիպել այնտեղ պահվող հայերին, պարզել նրանց առողջական վիճակն ու պահման պայմանները, ստանալ դատավճիռների պատճենները և հանդիպումներ ունենալ Ադրբեջանի պաշտոնյաների ու օտարերկրյա դիվանագետների հետ։ Նախաձեռնության հեղինակը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է։ Մարդասիրական նպատակը հասկանալի է, բայց դիվանագիտության մեջ ամենաբարենպաստ մտադրությունն անգամ գնահատվում է ոչ թե մտադրությամբ, այլ այն քաղաքական իրականությամբ, որի մեջ այն մտնում է։ Եվ այստեղ սկսվում են բարդությունները։ Եվրոպական խորհրդարանը 2025 թվականի մարտին 523 կողմ և ընդամենը 3 դեմ ձայնով Ադրբեջանում պահվող հայերի դատավարությունները բնորոշել է որպես «sham trials»՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Նույն բանաձևով պահանջվել է ապահովել անկախ բժիշկների ու փաստաբանների հասանելիությունը և միջազգային ներկայությունը դատավարություններում։ Այս ֆոնին հայկական պաշտոնական պատվիրակության այցն ունի առաջին վտանգավոր երկիմաստությունը․ ազատ արձակման քաղաքական պահանջը կարող է աննկատ վերածվել պահման պայմանների քննարկման։ Սա ձևակերպումների հարց չէ։ Մի դեպքում վիճարկվում է հենց ազատազրկման իրավաչափությունը, մյուսում քննարկվում է արդեն հաստատված կալանքի պայմանների կառավարումը ։ Եթե այցի արդյունքը հանգի «տեսանք, խոսեցինք, ծանոթացանք պայմաններին, ստացանք դատավճիռները» ձևաչափին, Բաքուն կարող է դա ներկայացնել որպես սեփական դատական գործընթացի փաստացի ընդունում՝ անկախ հայկական կողմի իրական նպատակից։ Դիվանագիտության ամենավտանգավոր թակարդներից մեկը հենց սա է․ մասնակցել գործընթացին՝ փորձելով այն փոխել, բայց սեփական մասնակցությամբ բարձրացնել դրա լեգիտիմությունը։ Երկրորդ խնդիրը վերահսկողությունն է։ Բանտային այցելությունը արժեք ունի միայն այնքանով, որքանով այցելողը կարող է վստահ լինել, որ տեսնում է իրականությունը, ոչ թե դրա ցուցափեղկը։ Ո՞վ է որոշելու՝ ում կարելի է հանդիպել, որքան ժամանակ, ո՞ւմ ներկայությամբ, հնարավո՞ր կլինի արդյոք առանձին խոսել կալանավորվածների հետ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի հիմնարար պայմաններից մեկը կալանավորվածների հետ մասնավոր հանդիպումն է։ 2025 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ ԿԽՄԿ-ի մշտական ներկայացուցչությունը երկրում փակվեց, թեև հետագայում Ժնևից ժամանած ներկայացուցիչներին թույլատրվեց որոշ այցելություններ իրականացնել։ ԿԽՄԿ-ն ինքն է ընդգծում, որ նման մուտքը կախված է ընդունող պետության համաձայնությունից։ Խորհրդարանական պատվիրակությունը նման անկախ մանդատ չունի ու այստեղ առաջանում է երրորդ՝ տեղեկատվական վտանգը։ Բաքուն կարող է հայկական պատգամավորների ներկայությունն օգտագործել հենց միջազգային քննադատության դեմ։ Եթե այցելությունից հետո որևէ պատգամավոր ասի, որ կալանավորվածը «նորմալ տեսք ուներ» կամ պայմանները «ընդունելի էին», այդ մեկ նախադասությունը կարող է ավելի արժեքավոր դառնալ Ադրբեջանի քարոզչության համար, քան տասնյակ պաշտոնական հաղորդագրությունները՝ անկախ նրանից, թե իրական հանդիպումն ինչ պայմաններում է անցել։ Մյուս էական վտանգը այն իրավաքաղաքական լեզուն է, որի շրջանակում կարող է կառուցվել այցը։ Դատավճռի պատճեն ստանալը ինքնին դրա իրավական ճանաչում չէ։ Բայց եթե հայկական պատվիրակությունը գործում է Բաքվի սահմանած իրավական լեզվով, ընդունում է նախկին Արցախի ղեկավարների նկատմամբ կիրառվող պաշտոնական կարգավիճակները և մասնակցում այդ շրջանակով ձևակերպված հանդիպումներին, կարող է ստեղծվել այն տպավորությունը, որ հայկական կողմը մտնում է ոչ թե վիճարկողի, այլ Ադրբեջանի կառուցած իրավական համակարգի ներսում գործող մասնակցի դիրքի մեջ ։ Այստեղ նույնիսկ մեկ բառը կարող է դառնալ դիրքորոշում։ Եթե Ադրբեջանը համաձայնի այցին իր սահմանած պայմաններով, հայկական կողմը կարող է հայտնվել Բաքվի հյուսած թակարդում։ Եթե չհամաձայնի, մերժումն ինքնին կարող է դառնալ քաղաքական փաստ։ Հետևաբար նախաձեռնության իրական արժեքը կախված է ոչ թե նրանից, թե պատգամավորները ֆիզիկապես կհասնե՞ն Բաքու, այլ ինչ մանդատով, ինչ պայմաններով և ինչ միջազգային երաշխիքներով կկատարվի այցը։ Խորհրդարանական դիվանագիտությունը երբեմն բացում է այն դռները, որոնք փակ են սովորական դիվանագիտության համար, բայց այն ունի նաև հակառակ հատկությունը՝ կարող է ակամա բացել հակառակորդի համար այն դուռը, որը նա ինքնուրույն չէր կարող բացել՝ քաղաքական լեգիտիմության դուռը։ Այդ պատճառով հիմնական հարցը ոչ թե այն է՝ գնա՞լ Բաքու, թե՞ ոչ , այլ՝ ինչ դիրքից և ինչ պայմաններով մտնել այդ գործընթացի մեջ ։ Հայկական պատվիրակությունը պետք է այնտեղ հայտնվի որպես սեփական պահանջը ձևակերպող կողմ, ոչ թե որպես Բաքվի սահմանած քաղաքական ու իրավական սցենարի մասնակից։ Մարդասիրական նախաձեռնությունն արժեք ունի այնքան ժամանակ, քանի դեռ չի վերածվում հակառակ կողմի քաղաքական գործիքի։ Այդ սահմանը որոշվում է մի պարզ հանգամանքով՝ ով է սահմանում մուտքի պայմանները, վերահսկում հանդիպման ձևաչափը և վերջում ձևակերպում այցի քաղաքական իմաստը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13435

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով