Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև Ուկրաինայի հարցով շփումները պահպանվում են և կշարունակվեն նաև ապագայում. հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Россия сегодня» մեդիախմբի կազմակերպած ճեպազրույցի ընթացքում: «Մենք չենք խուսափում շփումներից։ Ամերիկացիների հետ շփումները շարունակվում են և կշարունակվեն»,- նշել է Ռյաբկովը լրագրողների հետ զրույցում։ Միևնույն ժամանակ, անդրադառնալով ռազմավարական կայունության շուրջ երկխոսությանը, ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ այդ ուղղությամբ որևէ առաջընթաց չկա, քանի որ կողմերի միջև քննարկումներ առհասարակ չեն ընթանում. «ԱՄՆ-ի հետ մեր երկխոսությանը հնարավոր չէ վնասել, որովհետև այն պարզապես գոյություն չունի։ Իսկ այդ երկխոսության հեռանկարները կախված են նրանից, թե արդյոք Վաշինգտոնում, ի վերջո, կգիտակցեն Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններն իրապես բարելավելու հրամայականը»։



