Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորը զգուշացրել է արհեստական բանականությամբ (ԱԲ) զբաղվող ընկերությունների ղեկավարներին, որ այդ տեխնոլոգիան կարող է «գոյութենական վտանգներ» ներկայացնել, եթե հայտնվի սխալ ձեռքերում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Թագավորի այս մեկնաբանությունները հնչել են Շոտլանդիայի Դամֆրիս Հաուս քաղաքում հրավիրված գագաթնաժողովի ժամանակ, որտեղ քննարկվել է, թե ինչպես կարող է տեխնոլոգիան օգտագործվել հասարակությանն օգուտ բերելու նպատակով։ «Այս տեխնոլոգիաները ստեղծողներն այժմ ավելի ու ավելի հաճախ են նախազգուշացնում, որ ԱԲ-ն կարող է ձեռք բերել վտանգավոր՝ «մութ» հնարավորություններ, ընդհուպ մինչև կյանք խլելու ունակություն», – ասել է թագավորն ընկերությունների ղեկավարներին։ Նա նշել է, որ «հրատապ անհրաժեշտություն» կա՝ պատշաճ կերպով գնահատելու այն գոյութենական վտանգները, որոնք կապված են նման տեխնոլոգիաների՝ սխալ ձեռքերում հայտնվելու և հնարավոր աղետալի նպատակներով օգտագործվելու հետ։ «Ձեր առջև դրված խնդիրը ոչ միայն տեխնոլոգիաները զարգացնելն է, այլև ապահովելը, որ դրանք ամուր կերպով ծառայեն մարդկությանը, համայնքին և բնությանը», – ասել է նա։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության հարցերով նախարար Կանիշկա Նարայանը, Հռոմի պապի խորհրդականը և ներկայացուցիչներ այնպիսի հսկա ընկերություններից, ինչպիսիք են Nvidia-ն, OpenAI-ը և Anthropic-ը։ Հանրության շրջանում ԱԲ-ի հետ կապված ռիսկերի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին ChatGPT-ն ստեղծած OpenAI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանն օրերս հայտարարել էր, որ մարդիկ պետք է ավելի մեծ վստահություն ունենան իր ընկերության և նմանատիպ այլ կազմակերպությունների նկատմամբ, որ իրենք ճիշտ քայլեր կձեռնարկեն ԱԲ զարգացման գործընթացում։ Նա միևնույն ժամանակ նշել էր, որ ԱԲ-ի հետ կապված մտահոգությունները հիմնավորված են։ Օգոստոսից ի վեր լրատվական դաշտում գերիշխում են ԱԲ-ի պոտենցիալ ուժի և դրա վերահսկման ու կարգավորման մասին քննարկումները, ինչի առիթ էր դարձել նաև Anthropic ընկերությունից հեռացած հետազոտող Ջեյքոբ Քոքսոնի գրառումը, որում նա պնդել էր, որ եթե ԱԲ-ի զարգացումը չվերահսկվի, ապա մինչև տասնամյակի վերջն այն կարող է ոչնչացնել ամբողջ մարդկությունը։



