ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ համաձանագիր է կնքվել Դանիայի և Գրենլանդիայի հետ։ «Ուրախ եմ հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնագիր է կնքել Դանիայի Թագավորության և Գրենլանդիայի հետ, որը Միացյալ Նահանգներին տալիս է Գրենլանդիայում անվտանգության և բոլոր այլ կարիքների նկատմամբ մշտական վերահսկողություն՝ լիովին լուծելով ԱՄՆ-ի բազմաթիվ մտահոգությունները։ Սա Միացյալ Նահանգների համար որևէ ծախս չի պահանջի։ Իմ հանձնարարությամբ մենք աշխատել ենք Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների հետ՝ երաշխավորելու, որ Միացյալ Նահանգները հավերժ կունենա լիարժեք հնարավորություն՝ ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր Գրենլանդիայում՝ ապահովելու և պաշտպանելու ինչպես Գրենլանդիայի, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգությունը։ Բացի այդ, այսուհետ ԱՄՆ-ի ոչ մի հակառակորդ չի կարողանա Գրենլանդիայում ռազմակայան ունենալ, ռազմական ներկայություն ապահովել կամ զգայուն ներդրումներ կատարել՝ առանց մեր հստակ գրավոր համաձայնության։ Ավելի քան 100 տարի նախագահները գիտակցել են Գրենլանդիայի ռազմավարական նշանակությունը, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել որևէ քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ։ Հպարտ եմ, որ հենց ես եմ այն նախագահը, ով մշտապես և վերջնականապես լուծեց այս չափազանց կարևոր խնդիրը։ Սա «անսահմանափակ գործողության» համաձայնագիր է՝ առանց ժամկետային սահմանափակման։ Մենք մեծ պատիվ և հպարտություն ենք զգում տեղի ունեցածի կապակցությամբ, և այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները բարձր կգնահատվեն ամերիկյան ժողովրդի կողմից։ Մենք անհապաղ կսկսենք Գրենլանդիայի համապատասխան հատվածում (իսկ այդպիսիք բազմաթիվ են) զգալի ռազմական ներկայություն ապահովելու գործընթացը։ Դրա զարգացման և կառուցման աշխատանքներում մենք կհամագործակցենք Գրենլանդիայի ժողովրդի հետ։ Այս լուծումը հիանալի է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Դանիայի, Գրենլանդիայի և մեր բոլոր դաշնակիցների համար։ Մենք ակնկալում ենք համագործակցել Դանիայի և Գրենլանդիայի հրաշալի ժողովուրդների հետ՝ կերտելու փայլուն ապագա այս ընդարձակ և խիստ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքի համար։ Մենք մեծագույն ուշադրությամբ կպաշտպանենք այն։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների համար իրականություն դարձած երազանք է»,- գրել է Թրամփը։



