Հռոմում տեղացած հորդառատ անձրևը քաղաքի որոշ հատվածներում ջրածածկումներ և երթևեկության լուրջ խափանումներ է առաջացրել։ Այս մասին հայտնում է իտալական La Repubblica-ն։ Առավել տուժել են քաղաքի հյուսիսային շրջանները՝ Բալդուինան, Պոնտե Միլվիոն, Մոնտե Մարիոն, Պրատին և Բուֆալոտան։ Նշվում է, որ տեղումների ծավալը հասել է շուրջ 54,7 միլիմետրի, ընդ որում՝ մոտ 48 միլիմետրը տեղացել է ընդամենը կես ժամում։ Տեղատարափի հետևանքով Հռոմի տեղական ոստիկանությունը շուրջ 100 միջամտություն է իրականացրել։ Ջրածածկվել են ճանապարհներ, տապալվել են ծառեր և ճյուղեր։ Կաստելնուովո դի Պորտոյում ջուրը լցվել է մանկապարտեզ, որտեղից երեխաներն ու աշխատակիցները տեղափոխվել են անվտանգ տարածք։



