Անկախության տոնի հաշիվը

Հայաստանի անկախության 35-ամյակը կառավարությունը պատրաստվում է նշել մեծ ծավալով։ Տոնական միջոցառումների համար հատկացվել է 1 միլիարդ 326 միլիոն 969 հազար դրամ՝ շուրջ 3.65 միլիոն դոլար։ Գումարը վերցվել է կառավարության պահուստային ֆոնդից։ Երևանին բաժին է ընկնում ավելի քան մեկ միլիարդ դրամ, մարզային չորս կենտրոններին՝ շուրջ 295 միլիոն։ Հանրապետության հրապարակում նախատեսվում է մոտ 40 հազար հանդիսատեսով մեկուկես ժամանոց ծրագիր։ Անկախության 35-ամյակը մեծ տոն է։ Պետությունները նման օրերին ծախսում են գումար, ստեղծում պետական արարողություն, երաժշտություն, պատկեր, հիշողություն։ Այդ արարողությունները նաև պետության ինքնապատկերն են։ Ուստի խնդիրը տոնակատարությունը չէ։ Խնդիրը դրա պետական որակն է։ Անկախության 35-ամյակը կարելի էր դարձնել անցած երեքուկես տասնամյակի հայկական ստեղծագործության մեծ հաշվետվություն։ Ոչ միայն Հայաստանի։ Ամբողջ համահայկական մշակութային տարածքի։ Ի՞նչ ենք ստեղծել 1991-ից հետո երաժշտության, կերպարվեստի, գրականության, թատրոնի, կինոյի, ճարտարապետության, դասական և հոգևոր մշակույթի մեջ։ Ովքե՞ր են այդ տարիներին Հայաստանը ներկայացրել աշխարհի բեմերում։ Ի՞նչ արժեքներ են ստեղծել հայերը Երևանում, Փարիզում, Լոս Անջելեսում, Մոսկվայում, Բեռլինում կամ Բուենոս Այրեսում։ Անկախության 35-ամյակը բացառիկ հնարավորություն էր այդ ամբողջ ժառանգությունը մեկ բեմի վրա հավաքելու և ժամանակակից Հայաստանի մշակութային դիմանկարը ցույց տալու համար։ Իվետա Տոնոյանը, Թաթա Սիմոնյանը կամ Արման Հովհաննիսյանն ունեն իրենց լսարանը և իրենց տեղը հայկական հանրային մշակույթում։ Հարցը նրանց արժանիքները չեն։ Հարցը պետական գլխավոր տոնի բովանդակությունն է։ Հանրապետության հրապարակում պետությունն է ներկայանում աշխարհին և սեփական քաղաքացուն։ Այդ բեմը պետք է պատմի Հայաստանի մասին շատ ավելի լայն ու հավակնոտ պատմություն։ Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության հնագույն ժողովուրդներից է, առաջին քրիստոնեական պետական ավանդույթներից մեկի կրողը, հազարամյակների գրական, հոգևոր, երաժշտական և ճարտարապետական ժառանգության ժառանգորդը։ Անկախության 35-ամյակին Հայաստանի մշակութային ինքնաներկայացումը պետք է շատ ավելի լայն լինի, քան պարզապես հայտնի կատարողների համերգային ծրագիրը։ Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի մշակութային ներկայացումը այս առումով շատ ավելի հետաքրքիր օրինակ էր։ Այն փորձում էր Հայաստանի մասին պատմել մշակույթի, պատմության, խորհրդանիշների և բեմական լեզվի միջոցով։ Բայց այնտեղ շեշտը հիմնականում անցյալի վրա էր։ 35-ամյակի գլխավոր հարցը պետք է լիներ արդեն ներկան։ Ի՞նչ է անկախ Հայաստանը ստեղծել։ Ի՞նչ երաժշտություն, ինչ արվեստ, ինչ դպրոցներ, ինչ հեղինակներ, ինչ նոր մշակութային լեզու։ Ո՞րն է այն մշակույթը, որը կարող ենք աշխարհին ներկայացնել որպես անկախ Հայաստանի երեքուկես տասնամյակի արդյունք։ Գուցե դասական երաժշտության տակ քառասուն հազար մարդ չպարի։ Գուցե հոգևոր երգը հրապարակում նույն արագությամբ ծափեր չբերի։ Գուցե ժամանակակից բալետը, սիմֆոնիկ ստեղծագործությունը կամ գրական տեքստը զանգվածային խնջույքի համար ամենահարմար նյութը չեն։ Բայց պետական մշակութային քաղաքականության իմաստը միայն պահանջարկին հետևելը չէ՝ պետությունը նաև ձևավորում է չափանիշ, բարձրացնում է նշաձողը, ստեղծում է ճաշակ և հանրությանը ծանոթացնում այն արժեքներին, որոնց հետ առօրյա շուկան երբեմն չի հանդիպեցնում։ Հանրապետության հրապարակը սրճարան կամ հարսանյաց սրահ չէ։ Այն պետության գլխավոր հրապարակն է։ Անկախության օրը պետությունն այնտեղ պետք է ներկայացնի իր լավագույնը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13725

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով