ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով: Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ։ Այս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը, ազգային միասնությունը և ստեղծագործ ոգին։ Հենվելով պետականության բազմադարյա ավանդույթների և հարուստ մշակութային ժառանգության վրա՝ Հայաստանը արժանապատվորեն անցել է նոր պատմական պայմաններում կայացման և զարգացման բարդ ճանապարհը, հաստատվել որպես առաջադեմ երկիր, որը ճանաչում և հարգանք է վայելում միջազգային ասպարեզում։ Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ, որոնք դարձել են երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ամուր հիմքը։ Ղազախստանում մեծ հարգանքով են վերաբերվում հայ ժողովրդին, Ձեր հնագույն պատմությանը, մշակույթին և ավանդույթներին։ Մենք բարձր ենք գնահատում մեր պետությունների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության հարաբերությունները։ Հուսով եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք էապես բազմապատկել ձեռք բերված արդյունքները և Ղազախստան-Հայաստան համագործակցությունը ծառայեցնել մեր բարեկամ ժողովուրդների արմատական շահերին։ Այս հանդիսավոր օրը, հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունե՛ք իմ հարգանքի խոսքերը և անսպառ եռանդի և հետագա մեծ հաջողությունների անկեղծ մաղթանքները՝ ինքնատիպ ու նշանավոր հայ ժողովրդի բարօրությանն ուղղված Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»։



