Կիրակի օրը Գերմանիայի երկու երկրամասերում կայացած ընտրությունները նոր խնդիրներ ստեղծեցին կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համար։ Մեկլենբուրգ-Առաջային Պոմերանիայում նրա Քրիստոնեա-դեմոկրատական միությունը հավաքեց մոտ 5 տոկոս՝ գրանցելով հետպատերազմյան շրջանի իր ամենացածր արդյունքներից մեկը»։ AfD-ն («Գերմանիայի համար այլընտրանք») ստացավ շուրջ 38 տոկոս, SPD-ն (Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը)՝ մոտ 35 տոկոս։ Մերցն արդյունքը բնորոշեց մեկ բառով՝ «աղետ»։ Այս արդյունքն առավել խոսուն է կուսակցության պատմական դերի համատեքստում։ Կոնրադ Ադենաուերի առաջնորդությամբ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը դարձավ հետպատերազմյան Գերմանիայի արևմտյան կողմնորոշման հիմնական քաղաքական հենարանը։ Հելմուտ Քոլի օրոք այն ղեկավարեց երկրի վերամիավորման գործընթացը, իսկ Անգելա Մերկելի տարիներին երկար ժամանակ մնաց գերմանական քաղաքական կենտրոնի գլխավոր ուժը։ Այսօր Քրիստոնեա-դեմոկրատական միությունը արագ կորցնում է տասնամյակներով ձևավորված իր ազդեցությունը։ Երկու շաբաթ առաջ Սաքսոնիա-Անհալթում «Գերմանիայի համար այլընտրանքը» պատմական բարձր արդյունք գրանցեց։ Երեկ Բեռլինում առաջին տեղը զբաղեցրեց Ձախ կուսակցությունը, իսկ քրիստոնեա-դեմոկրատները կրկին նահանջեցին։ Գերմանական քաղաքական կենտրոնը կորցնում է նախկին ձգողականությունը։ Դրանից հեռացող ընտրողը բաժանվում է տարբեր ուղղությունների միջև, իսկ երբեմնի մեծ «ժողովրդական կուսակցությունները» այլևս չեն կարող նույնքան վստահությամբ ձևավորել երկրի քաղաքական օրակարգը։ Այս փոփոխությունը մի քանի տարվա կուտակված խնդիրների արդյունք է։ Գերմանական արդյունաբերությունը բախվում է թանկ էներգիայի, թույլ ներդրումային ակտիվության և տեխնոլոգիական վերափոխման բարձր ծախսերի խնդրին։ եԱրևելյան երկրամասերում այդ տնտեսական դժվարություններին միանում է վերամիավորումից հետո չվերացած անհավասարությունը։ 1990-ին Գերմանիան վերամիավորվեց, բայց երկրի արևելքի ու արևմուտքի տնտեսական տարբերությունները ամբողջությամբ չվերացան։ Դրանք մինչև այսօր շարունակում են ազդել կյանքի պայմանների, հնարավորությունների և քաղաքական ընտրությունների վրա։ «Գերմանիայի համար այլընտրանքը» կարողացել է այդ դժգոհությունը վերածել կայուն ընտրական աջակցության։ Այստեղ Գերմանիայի ներքաղաքական փոփոխությունը ստանում է համաեվրոպական նշանակություն։ Գերմանիան Եվրամիության ամենամեծ տնտեսությունն է, Ուկրաինայի գլխավոր եվրոպական աջակիցներից մեկը և մայրցամաքի պաշտպանական վերազինման առանցքային դերակատար։ Միաժամանակ Ֆրիդրիխ Մերցի կառավարությունը փորձում է վերափոխել կենսաթոշակային համակարգը, հարկային քաղաքականությունը, աշխատաշուկան և պետական ծախսերը։ Այս պայմաններում Մերցի ներքաղաքական թուլությունը սահմանափակում է նաև Գերմանիայի ազդեցությունը Եվրոպայում։ «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցությունն արտաքին քաղաքականության այլ ուղեգիծ է առաջարկում՝ Ուկրաինային աջակցության կրճատում, Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնում և ռուսական էներգակիրների վերադարձ գերմանական շուկա։ «Գերմանիայի համար այլընտրանքի» ուժեղացումը արդեն ազդեցություն ունի ոչ միայն ներքին քաղաքականության, այլև Եվրոպայի անվտանգության, Ռուսաստանի հետ հարաբերությունների և ԵՄ-ի տնտեսական ու էներգետիկ քաղաքականության վրա։ Գերմանիայի հիմնական կուսակցությունները դեռ հրաժարվում են «Գերմանիայի համար այլընտրանքի» հետ կոալիցիայից։ Բայց կուսակցության յուրաքանչյուր նոր հաղթանակ ավելի է դժվարացնում կառավարություն ձևավորելը և ավելի է նեղացնում ավանդական կենտրոնի հնարավորությունները։ Մերցի առաջ ծանր քաղաքական խնդիր է։ Նա պետք է իրականացնի տնտեսական ու սոցիալական բարեփոխումներ, պահպանի Գերմանիայի առաջնորդող դերը Եվրոպայում և վերականգնի կենտրոնից հեռացող ընտրողների վստահությունը։ Այդ երեք խնդիրների լուծումն արդեն փոխկապակցված է։ Մեկլենբուրգ-Առաջային Պոմերանիայի ընտրությունները ցույց տվեցին, որ Գերմանիայի հին քաղաքական հավասարակշռությունը թուլանում է, իսկ կուսակցական համակարգը արագ փոխվում է։ Դրա ազդեցությունը զգալու է նաև Եվրոպան։ Գերմանիայի ներքին քաղաքական փոփոխությունները ուղղակիորեն կապվում են մայրցամաքի անվտանգության, Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության և ԵՄ-ի ապագա ուղղության հետ։



