Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը

Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Լիխտենշտայնի և Ավստրիայի կողմից կազմակերպված Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի տարեկան հանդիպմանը։ ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է աճող միջազգային արդի ճգնաժամերի համատեքստում միջազգային իրավական կառույցների արդյունավետության և վստահելիության պահպանման կարևորությունը։ Նա նշել է, որ Հայաստանն աջակցում է Միջազգային քրեական դատարանի կողմից իր մանդատի անկախ և անաչառ իրականացմանը՝ Հռոմի կանոնադրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը ներկայացրել է Հռոմի կանոնադրության համակարգում Հայաստանի ներգրավվածության շրջանակներում ազգային օրենսդրական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում կարևորվել է տեխնիկական համագործակցության և մասնագիտական փորձի փոխանակման ընդլայնումը։ Դավիթ Կարապետյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը նախարարական ոչ պաշտոնական ցանցի անդամների, Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի և Միջազգային քրեական դատարանի հետ՝ արդյունավետ, անկախ, անաչառ և տուժողների իրավունքների վրա հիմնված միջազգային քրեական արդարադատության համակարգի ամրապնդման ուղղությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15368

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով