Պարթենոնի մարմարները և Գանձասարի հիշողությունը

Պարթենոնի մարմարյա արձանների շուրջ Լոնդոնի և Աթենքի վեճը երկու դար անց էլ մնում է քաղաքական ու իրավական օրակարգում։ 19-րդ դարի սկզբին Լորդ Էլգինը Օսմանյան իշխանության ներքո գտնվող Աթենքից տեղափոխեց քանդակների զգալի մասը, որոնք մինչ օրս պահվում են Բրիտանական թանգարանում։ Հունաստանը պահանջում է դրանց մշտական վերադարձն ու վերամիավորումը Պարթենոնի հետ։ անգլիացիները շարունակում է պնդել փոխառության տարբերակը՝ պահպանելով քանդակների նկատմամբ սեփականության իրենց իրավունքը։ Վեճի էությունը հենց այստեղ է․ Աթենքը հարցը դիտարկում է որպես մասնատված հուշարձանի պատմական ամբողջականությունը վերականգնելու խնդիր։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը չի ընդունել քանդակները ժամանակավոր փոխառության կարգով Աթենք վերադարձնելու առաջարկը, քանի որ այդ լուծումը փաստացի ամրագրում է Բրիտանական թանգարանի սեփականության իրավունքը դրանց նկատմամբ։ Աթենքի համար դա կնշանակեր հրաժարվել վեճի հիմնական սկզբունքից՝ Հունաստանը պահանջում է Պարթենոնի մասնատված քանդակային ամբողջության մշտական վերամիավորում Աթենքում։ Պարթենոնի շուրջ վեճը վաղուց այլևս միայն թանգարանային հարց չէ։ Լորդ Էլգինը քանդակները Աթենքից տարել է 19-րդ դարի սկզբին՝ Օսմանյան իշխանության տարիներին, և այդ գործողության իրավական ու բարոյական ժառանգությունը մինչև այսօր բաց է։ Հունաստանի հիմնական փաստարկը հուշարձանի ամբողջականությունն է։ Արձանները ստեղծվել են Պարթենոնի համար և նրա ճարտարապետական մտքի անբաժան մասն են։ Դրանց բաժանումը Աթենքի ու Լոնդոնի միջև դարձել է մասնատված պատմական հիշողության կենդանի խորհրդանիշ։ Միցոտակիսը այս իրավիճակը համեմատել է «Մոնա Լիզան կիսելու» հետ։ Այդ ձևակերպումը հստակ փոխանցում է Աթենքի դիրքորոշումը․ պատմական տիրապետման փաստը չի կարող ջնջել մշակութային ամբողջականության սկզբունքը։ Այս վեճը բացում է մշակութային ժառանգության հիմնական խնդիրը։ Իրավական տիրապետումը չի սպառում հուշարձանի իմաստը։ Յուրաքանչյուր արժեք կապված է իր ծագման վայրի, լեզվի, կրոնական միջավայրի, պատմական հիշողության և այն համայնքի հետ, որը ստեղծել ու փոխանցել է այն սերունդներին։ Սեփականության իրավունքը կարող է կարգավորել առարկայի ճակատագիրը, սակայն չի կարող վերագրել նրա անցյալը։ Մշակութային ժառանգության ամբողջականությունը հենց այդ կապերի պահպանման մեջ է։ Այստեղ Պարթենոնի վեճը ստանում է մեզ՝ հայերիս համար անմիջական նշանակություն։ Սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի իշխանությունները օտարերկրյա դիվանագետների տարել են Գանձասար և Դադիվանք՝ այդ համալիրները ներկայացնելով Կովկասյան Ալբանիայի քրիստոնեական ժառանգության շրջանակում և պնդումներ հնչեցնելով դրանցում կատարված «փոփոխությունների» ու «կեղծարարությունների» մասին։ Սեպտեմբերի 21-ին Գանձասարում առաջին անգամ ուդիական ժամերգություն է անցկացվել։ Ադրբեջանը այս քայլերով ամրապնդում է Գանձասարի ալբանական ծագման իր պաշտոնական պատումը, մինչդեռ հայկական պատմական և եկեղեցական ավանդույթի համաձայն վանքը Հայ առաքելական եկեղեցու ժառանգության առանցքային կենտրոններից է։ Այսպիսով, վեճն արդեն վերաբերում է ոչ միայն հուշարձանի պահպանությանը, այլև նրա պատմական ինքնության սահմանմանը։ Այս հարցը վաղուց դուրս է եկել պատմագիտական բանավեճի սահմաններից։ Դեռ 2021 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում ձևավորվող այն պաշտոնական պատումի առնչությամբ, որով հայկական քրիստոնեական ժառանգության մի մասը ներկայացվում է որպես Կովկասյան Ալբանիայի պատմամշակութային ժառանգություն։ Բանաձևը միաժամանակ հիշեցնում էր Նախիջևանում հայկական մշակութային հետքերի ոչնչացման փորձը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ անում ուսումնասիրել նաև պատմական հիշողության հնարավոր վերաձևակերպումը։ Այսպիսով, խնդիրը վերաբերում է արդեն ոչ միայն հուշարձանների ֆիզիկական պահպանությանը, այլև դրանց ծագման, անվան և պատմական պատկանելության պաշտպանությանը։ Հարցը վաղուց ստացել է նաև միջազգային իրավական չափում։ 2021 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության՝ եկեղեցիների, պաշտամունքի վայրերի, հուշարձանների ու գերեզմանոցների վանդալիզմն ու պղծումը։ Այսպիսով, հայկական ժառանգության պաշտպանությունը այլևս միայն քաղաքական պահանջ կամ պատմական վեճ չէ՝ այն ամրագրված է նաև միջազգային իրավական պարտավորության մակարդակում։ Գանձասարի շուրջ վեճի ամենախոր շերտը հենց պատմական ինքնության հարցն է։ Մշակութային ժառանգությունը կարող է վնասվել ոչ միայն ֆիզիկապես, այլև իմաստի փոփոխությամբ՝ նոր անվանումներով, պատմական ծագման վերագրմամբ, արձանագրությունների նոր մեկնաբանությամբ և հուշարձանի պատմական համատեքստի վերաձևակերպմամբ։ Քարը կարող է պահպանվել, իսկ նրա հիշողությունը՝ աղավաղվել։ Այդ դեպքում հուշարձանը կարող է ֆիզիկապես պահպանվել, բայց կորցնել իր պատմական ինքնությունը՝ կտրվելով այն մշակութային, համայնքային և հիշողության շղթայից, որի մեջ ձևավորվել է։ Այս հարցը խաղաղության գործընթացի կենտրոնական փորձություններից է։ Հայաստանը և Ադրբեջանը փորձում են ավարտել տասնամյակների հակամարտությունը, իսկ կայուն խաղաղությունը պահանջում է նաև դիմացինի պատմական ներկայության ճանաչում։ Հուշարձանի ֆիզիկական պահպանությունը կորցնում է իր արժեքի զգալի մասը, երբ նրա ինքնությունը ներառվում է պետական պատմաքաղաքական վերաձևակերպման մեջ։ Ճանապարհները, առևտուրը և բաց սահմանները կարող են ստեղծել փոխադարձ տնտեսական շահեր, սակայն երկարատև վստահությունը կառուցվում է նաև հիշողության նկատմամբ պատասխանատվությամբ։ Անցյալի փաստերի նկատմամբ ճշգրիտ ու պատասխանատու վերաբերմունքը դառնում է ապագա խաղաղության հիմքերից մեկը։ Պարթենոնի քանդակների վերաբերյալ պատմությունը հենց այստեղ է դառնում կարևոր նախադեպ։ Երկու դարն անգամ չեն փակել Օսմանյան իշխանության պայմաններում ձևավորված իրավական գործարքի շուրջ վեճը։ Ժամանակը չի չեղարկում ծագումը և չի վերագրում մշակութային ժառանգության պատմական ինքնությունը։ Նույն սկզբունքը վերաբերում է Ադրբեջանին։ Տարածքի քաղաքական պատկանելությունը կարող է փոխվել, սահմանները՝ վերագծվել, սակայն միջնադարյան ձեռագրի լեզուն, խաչքարի արձանագրությունն ու վանքի պատմական ինքնությունը չեն փոխվում ներկա սահմանային իրողությունների հետ։ Տարածքի նկատմամբ իշխանությունը պատմության նկատմամբ սեփականության իրավունք չի ստեղծում։ Սեպտեմբերի 14-ին Մատենադարանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին ներկայացվել են Գանձասարում ստեղծված և պահպանված ձեռագրերի բնօրինակներն ու պատճենները։ Այս դրվագը խորհրդանշական պատասխան է պատմական վերագրումների շուրջ վեճին։ Քարը կարելի է վերանվանել, հուշարձանը՝ ներառել նոր պատմական պատումի մեջ։ Ձեռագիրը շատ ավելի համառ վկայություն է։ Նրա լեզուն, գրիչը, ժամանակը, հիշատակարանն ու հեղինակի անունը պահպանում են ծագման հետքը։ Այստեղ պատմությունը վերածվում է ոչ միայն մեկնաբանության, այլ սեփական ժամանակից հասած փաստական վկայության։ 21-րդ դարում մշակութային հակամարտությունների կարևոր ճակատներից մեկը դարձել է պատմական հիշողության վերահսկումը։ Նախկին կայսրությունները հուշարձաններ էին տեղափոխում իրենց մայրաքաղաքներ, իսկ այսօր պայքարը հաճախ ընթանում է անվանումների, թանգարանային նկարագրությունների, գիտական կատալոգների և պետական պատմագրության շուրջ։ Հուշարձանի պահպանված լինելը դեռ չի ապահովում նրա պատմական ինքնության պահպանումը։ Երբ ծագումը, պատկանելությունն ու պատմական իմաստը դառնում են պետական մեկնաբանության առարկա, մշակութային ժառանգությունը վերածվում է քաղաքական ազդեցության գործիքի։ Անցյալի նկատմամբ հաստատված մեկնաբանությունը ժամանակի ընթացքում ձևավորում է նաև հուշարձանի ապագա պատկանելության ընկալումը։ Պարթենոնը Լոնդոնից անգլիացիներին և Գանձասարը Արցախից ադրբեջանցիներին հիշեցնում են նույն հիմնարար սկզբունքը։ Տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը պետությանը պարտավորեցնում է պահպանել այնտեղ գտնվող մշակութային ժառանգությունը։ Այդ իրավասությունը չի տարածվում նրա ծագման, պատկանելության և պատմական հիշողության վերագրման վրա։ Սահմանների փոփոխությունը չի փոխում հուշարձանի պատմական ինքնությունը։ Քաղաքական իշխանության իրավունքը վերաբերում է տարածքին, ոչ թե նրա անցյալին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14633

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով