Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների հավատարմագրերը՝ այն բանից հետո, երբ դաշնային դատավորը ԱՄՆ նախագահի սահմանած սահմանափակումները, նախնական գնահատմամբ, հակասահմանադրական է ճանաչել և կարգադրել է վերացնել դրանք։ Դատավորի որոշումից մի քանի ժամ անց CNN-ը, MS NOW-ն և Politico-ն հայտնել էին, որ իրենց լրագրողների մուտքը Սպիտակ տուն դեռևս սահմանափակված է։ Լրատվամիջոցները պահանջել էին նաև արտահերթ դատական նիստ անցկացնել։ Մասնավորապես, Politico-ն հայտնել էր, որ իր թղթակցի լրագրողական հավատարմագիրը բռնագրավվել է, MS NOW-ի լրագրողը նշել էր, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Սպիտակ տուն, իսկ CNN-ը հայտնել էր, որ իր որոշ աշխատակիցների մուտքը նույնպես մերժվել է։ Ի պատասխան՝ Սպիտակ տան մամուլի ծառայության տնօրեն Միկա Ստոպերիչը դատարանին ներկայացված հայտարարության մեջ նշել է, որ տուժած լրագրողների հավատարմագրերի վերականգնման գործընթացը սկսվել է առավոտյան 7:25-ին։ Նրա խոսքով՝ Սպիտակ տան մամուլի ծառայությունը լրագրողների անցագրերը թողել է մուտքի դարպասների մոտ, որպեսզի նրանք կարողանան դրանք վերցնել մոտավորապես 9:55-ին։ Սպիտակ տան հայտարարությունից հետո արտահերթ դատական լսումներ չեն գումարվել, բայց դատավորը հրահանգել է լրատվամիջոցներին՝ օրվա ընթացքում իրեն տեղյակ պահել իրավիճակի մասին։



