Մի նախադասության պատերազմը

Երեկ համացանցում հետևողականորեն տարածվում էր պնդում, ըստ որի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից բարձրացրել է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը և դրանով այդ օրակարգը հասցրել միջազգային ամենաբարձր հարթակ։ Բայրամովի ելույթի ամբողջական տեքստը նման բան չի ասում։ Սեպտեմբերի 25-ի ելույթում վերադարձի թեման Բայրամովը ներկայացնում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման և այնտեղ նախկին բնակիչների վերադարձի համատեքստում։ Բայրամովը խոսում է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ իրենց տներ «անվտանգ և արժանապատիվ վերադարձի» մասին, ապա անմիջապես այդ թեման կապում է Ադրբեջանի կողմից «ազատագրված տարածքներ» անվանվող շրջանների վերակառուցման, «խելացի քաղաքների» ու «խելացի գյուղերի» ծրագրերի և այնտեղ արդեն բնակվող ավելի քան 90 հազար մարդու հետ։ Հաջորդիվ Բայրամովը ականներն է ներկայացնում որպես վերադարձի և վերականգնման գլխավոր խոչընդոտներից մեկը։ Այդ ամբողջ հատվածի աշխարհագրությունն ու քաղաքական հասցեն Ղարաբաղ և հարակից տարածքներ վերադարձող Ադրբեջանի ներքին տեղահանվածների մասին է։ Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի թեմա այդ հատվածում չի բարձրացվում։ Դիվանագիտական խոսքում համատեքստը նույնքան կարևոր է, որքան բառացի ձևակերպումը։ Մեջբերումից մի նախադասություն առանձնացնելը կարող է փոխել ամբողջ իմաստը՝ ուրիշ տարածք, ուրիշ հասցեատեր և ուրիշ քաղաքական հետևություն ստեղծելով։ Բայրամովի ելույթում Հայաստանի համար առարկության ենթակա դրույթներ շատ կան։ «Ազատագրված տարածքներ» ձևակերպումը Բաքվի պաշտոնական պատմաքաղաքական բառապաշարի մասն է, իսկ անհետ կորածների, ականների և պատերազմի հետևանքների մասին պնդումները ևս պահանջում են հակադարձում ու փաստական ճշգրտում։ Բայց այդ հակադարձումը ուժեղ է միայն ճշգրիտ մեջբերման դեպքում։ Խեղաթյուրված ձևակերպումը թուլացնում է հայկական փաստարկի վստահելիությունը։ Կա նաև ավելի կարևոր շերտ։ Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի թեման Բաքուն վաղուց ձևակերպել է «Արևմտյան Ադրբեջան» անվան տակ և հետևողականորեն տարել միջազգային հարթակներ։ 2023-ին ՄԱԿ-ում շրջանառվեց «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նամակը՝ Հայաստանի տարածքից հեռացած ադրբեջանցիների «խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի» պահանջով։ 2025-ին ՄԱԿ փոխանցվեցին նաև նույն թեմայով միջազգային համաժողովի նյութերը և Իլհամ Ալիևի ուղերձը՝ Հայաստանի հետ երկխոսության ու վերադարձի պայմանների մասին դրույթներով, սակայն սեպտեմբերի 25-ին Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի պահանջ չի հնչեցրել: Տեղեկատվական անվտանգության ամենախոցելի կետը հենց այստեղ է։ Վախ առաջացնող տեղեկությունը սովորաբար ավելի արագ է տարածվում, որովհետև այն ավելանում է արդեն գոյություն ունեցող կասկածներին ու տագնապներին։ Համատեքստից կտրված մեկ նախադասությունն անգամ կարող է ՄԱԿ-ի ամբիոնի հեղինակությամբ ստանալ լրիվ այլ քաղաքական իմաստ և տարածվել որպես իրական փաստ։ Սա վաղուց փորձված մեխանիզմ է։ Ապատեղեկատվության ամենաազդեցիկ ձևը հաճախ ամբողջական սուտը չէ, այլ իրական խոսքի մասնակի տեղափոխումը ուրիշ իմաստային դաշտ։ Համատեքստից կտրված մի նախադասություն կարող է բավարար լինել, որպեսզի մնացած պատմությունը լսարանը կառուցի ինքնուրույն։ Նման աղավաղումը Հայաստանի համար հատկապես վտանգավոր է։ Բաքվի իրական օրակարգերը պահանջում են սառնասրտություն, իրավական աշխատանք և դիվանագիտական հակազդեցություն։ Կեղծ վտանգների շրջանառությունը սպառում է հանրային ուշադրությունը, խառնում իրական ու երևակայական սպառնալիքները և վերջում նվազեցնում վստահությունը նաև այն ահազանգերի նկատմամբ, որոնք իսկապես հիմնավոր են։ Հայաստանի տեղեկատվական դաշտում այսօր ամենաթանկ ռեսուրսը ճշգրտությունն է։ Մեր անվտանգությունը շահում է փաստի ճշմարտությունից, ոչ թե աղմուկի ծավալից։ Բայրամովի ելույթը պետք է քննադատել նրա ասածի համար։ «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի վտանգավորությունն ապացուցելու համար հավելյալ վերագրումներ պետք չեն։ Բավական է հետևել Բաքվի պաշտոնական փաստաթղթերին, պահանջներին և միջազգային հարթակներում տարվող աշխատանքին։ Չհնչած խոսքը շրջանառության մեջ դնելը միայն աղմուկ է ավելացնում և դժվարացնում իրական քաղաքական նպատակի ճշգրիտ գնահատումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14414

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով