200 տարվա ընթացքում առաջին անգամ Թենեսիում մահապատժի են ենթարկելու կնոջ

Թենեսի նահանգապետ Բիլ Լին մերժել է Քրիստա Փայքի ներման խնդրագիրը։ 50-ամյա Փայքի մահապատիժը նախատեսված է չորեքշաբթի օրը, և այժմ նրա պաշտպաններին մնացել է վերջին հնարավորությունը՝ դիմել ԱՄՆ Գերագույն դատարան՝ մահապատժի կատարումը վերջին պահին հետաձգելու հույսով։ Եթե մահապատիժը կայանա, Փայքը կդառնա ավելի քան 200 տարվա ընթացքում Թենեսիում մահապատժի ենթարկված առաջին կինը։ Նրա մահապատիժը նախատեսվում է իրականացնել մահաբեր ներարկման միջոցով։ Փայքի ընկերուհին՝ Էշլի Սելարսը, վերջին անգամ նրա հետ կապվել է այս շաբաթվա սկզբին։ Փայքը նրան հաղորդագրություն է ուղարկել մահապարտների խցից՝ մահապատժին սպասելիս։ Փայքը Սելարսին ասել է, որ չի ցանկանում, որպեսզի իր մտերիմները ներկա լինեն մահապատժին. «Նա չի ցանկանում, որ մենք դա ապրենք», — պատմել է Սելարսը։ Փայքը 18 տարեկան էր, երբ իր այն ժամանակվա ընկերոջ՝ Թադարիլ Շիփի հետ մասնակցեց 19-ամյա Քոլին Սլեմերի սպանությանը։ Դատական գործի համաձայն՝ Փայքն ու Շիփը ծեծի են ենթարկել և խոշտանգել Սլեմերին, ապա սպանել նրան։ Փայքն ու Սլեմերը ծանոթացել էին դեռահասների համար նախատեսված մասնագիտական ուսուցման ճամբարում։ Սպանությունը ժամանակին լայն արձագանք էր ստացել։ Սլեմերի մարմինը հայտնաբերվել էր կրծքավանդակին փորագրված պենտագրամայով, որը ներկայացվում էր որպես սատանայական ծեսի խորհրդանիշ։ Դատական նյութերի համաձայն՝ Փայքը Սլեմերին մեղադրել էր իրեն վիրավորելու և իր ընկերոջը խլելու փորձի մեջ։ Ճամբարի ևս երկու սաներ հետագայում ցուցմունք են տվել, որ Փայքը սպանությամբ պարծեցել է ինչպես դրանից առաջ, այնպես էլ դրանից հետո։ Նրանցից մեկը հայտնել է նաև, որ Փայքը ցույց է տվել Սլեմերի գանգի մի հատված։ Սպանությունից մեկ տարի անց Փայքը դատապարտվել է մահապատժի։ Շիփը, որն այդ ժամանակ 17 տարեկան էր, դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությամբ։ Տարիների ընթացքում Փայքի պաշտպանները բազմաթիվ բողոքարկումներ են ներկայացրել, սակայն դրանք չեն հանգեցրել մահապատժի չեղարկման։ Այժմ նրա գործը հասել է վերջին փուլին, իսկ պաշտպանները դիմել են ԱՄՆ Գերագույն դատարան՝ մահապատժի կատարումը կասեցնելու նպատակով։ Եթե մահապատիժն իրականացվի, Փայքը կդառնա Թենեսիում ավելի քան երկու դար անց մահապատժի ենթարկված առաջին կինը։ ԱՄՆ-ում մահապատիժների վերականգնումից՝ 1970-ական թվականներից ի վեր, մահապատժի է ենթարկվել 18 կին և 1,663 տղամարդ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14549

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով