Ով է գրելու Միջանցքի կանոնները

Սեպտեմբերի 28-ին Համաշխարհային բանկը հրապարակեց Integration: World-Class Trade Logistics Along the Trans-Caspian Transport Corridor զեկույցը՝ Տրանսկասպյան կամ Միջին միջանցքը ներկայացնելով արդեն որպես ձևավորվող տարածաշրջանային տնտեսական համակարգ։ Զեկույցը ներառում է ինը երկիր, այդ թվում՝ Հայաստանը, և Միջանցքի ապագան կապում է ոչ միայն տրանսպորտային հոսքերի, այլև կառավարման, ներդրումների և տնտեսական ինտեգրման խորացման հետ։ Բանկի հաշվարկներով՝ եթե Միջանցքի վրա անհրաժեշտ ներդրումներ արվեն և բարելավվի երկրների միջև համագործակցությունը, մինչև 2040 թվականը առևտրային հոսքերը կարող են եռապատկվել։ Բեռների տեղափոխման վրա ծախսվող ժամանակը կարող է էապես կրճատվել, իսկ մասնակից երկրները երկարաժամկետ հեռանկարում կստանան միջինում շուրջ 3.3 տոկոս լրացուցիչ տնտեսական աճ։ Սակայն զեկույցի ամենակարևոր մասը թվերը չեն։ Համաշխարհային բանկի կարևորագույն դիտարկումն այն է, որ Միջին միջանցքի խնդիրը հիմա ավելի շատ կառավարման մեջ է, քան ճանապարհների պակասի։ Հիմնական ենթակառուցվածքների մեծ մասը կառուցվում է կամ արդեն ներառված է պետական ծրագրերում։ Այժմ վճռորոշ է դառնում, թե որքան արագ կարող են երկրները միասին աշխատել՝ համաձայնեցնել սակագները, պարզեցնել սահմանային ընթացակարգերը, անցնել միասնական թվային համակարգերի և բեռների շարժը կազմակերպել միասնական ընդհանուր տրամաբանությամբ։ Այդ պատճառով Համաշխարհային բանկն առաջարկում է Միջանցքի աշխատանքը միավորել ընդհանուր թվային համակարգի և միասնական օպերատորի շուրջ։ Սա կարևոր է, որովհետև ապագա բեռնահոսքն ու եկամուտների բաժանումը կախված են լինելու նաև այն կանոններից, որոնցով աշխատելու է ամբողջ համակարգը։ Ով մասնակցի այդ կանոնների ձևավորմանը, նա ավելի մեծ ազդեցություն կունենա սակագների, երթուղիների և տնտեսական արդյունքի բաշխման վրա։ Հայաստանի համար սա TRIPP-ի շուրջ քննարկման նոր մակարդակ է։ TRIPP-ը կարող է Հայաստանը կրկին դարձնել արևելք–արևմուտք բեռնափոխադրումների կարևոր հանգույց։ Բայց ճանապարհի առկայությունն ինքնին բավարար չէ։ Հայաստանի ստանալիք եկամուտը կախված է նաև նրանից, թե երկիրը ինչ դեր կունենա բեռնահոսքերի կառավարման, սակագների ձևավորման և միջանցքի շուրջ ստեղծվող ծառայությունների ու եկամուտների բաշխման մեջ։ Համաշխարհային բանկի զեկույցը հենց սա է ընդգծում՝ միջանցքի արժեքը որոշվում է ոչ միայն ճանապարհով, այլ նաև այն համակարգով, որը կառավարում է բեռները, սակագներն ու ծառայությունները։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանը առաջիկայում կարող է դառնալ Տրանսկասպյան միջանցքի լիարժեք մասնակից։ Այսօր երկիրը դեռ դուրս է հիմնական բեռնուղիներից, սակայն 2030-ականներին ակնկալվում է նրա ներգրավումը։ Այսինքն՝ Հայաստանը արդեն մտնում է միջանցքի երկարաժամկետ հաշվարկների մեջ։ Այժմ գլխավոր խնդիրը այդ հնարավորությունը ժամանակին վերածելն է իրական տնտեսական դերակատարության։Ժամանակը, սակայն, դառնում է ռազմավարական ռեսուրս։ Եթե միջանցքի սակագները, թվային համակարգերն ու բեռնափոխադրումների կանոնները առաջիկա տարիներին ձևավորվեն առանց Հայաստանի ակտիվ մասնակցության, TRIPP-ը հետագայում ստիպված կլինի աշխատել արդեն սահմանված պայմաններով։ Այդ պատճառով Հայաստանի համար կարևոր է հենց հիմա ներգրավվել համակարգի ձևավորմանը և մինչև հիմնական կանոնների հաստատումը հստակեցնել իր դերն ու նպատակները։ Սրանից է կախված Հայաստանի դերը միջանցքում՝ մնալ պարզապես տարանցիկ օղա՞կ, թե՞ մասնակցել նաև այն կանոնների, ծառայությունների և եկամուտների ձևավորմանը, որոնք որոշելու են միջանցքի տնտեսական արժեքը։ Տարանցիկ երկիրը հիմնականում եկամուտ է ստանում իր տարածքով անցնող բեռներից։ Լոգիստիկ կենտրոնը շատ ավելի մեծ արժեք է ստեղծում՝ իր շուրջ զարգացնելով պահեստներ, բեռնաբաշխում, վերամշակում, ապահովագրություն, ֆինանսական ու թվային ծառայություններ և նոր ներդրումներ։ Սինգապուրն ու Ռոտերդամը հենց այս տրամաբանության օրինակներ են։ Նրանց հաջողությունը պայմանավորված է ոչ միայն նպաստավոր աշխարհագրական դիրքով, այլև այն կարողությամբ, որով տրանսպորտային հանգույցը վերածվել է ֆինանսների, ծառայությունների, պահեստավորման և առևտրի ամբողջական համակարգի։ Այդ հաջողությունը ծնվել է ճանապարհի շուրջ տնտեսական միջավայր ստեղծելու կարողությունից։ Հայաստանի համար էլ նպատակը պետք է լինի TRIPP-ը դարձնել ոչ միայն տարանցիկ ուղի, այլև ծառայությունների, ներդրումների և նոր տնտեսական գործունեության կենտրոն։ TRIPP-ի շուրջ քննարկումը մինչ այժմ հիմնականում վերաբերում էր ինքնիշխանությանը, անվտանգությանը, մաքսային վերահսկողությանը և ենթակառուցվածքներին։ Հաջորդ փուլում նույնքան կարևոր է տնտեսական կառավարման հարցը։ Հայաստանը պետք է մասնակցի սակագների, թվային համակարգերի, միասնական փաստաթղթերի, տվյալների կառավարման և տարածաշրջանային օպերատորների ապագա կանոնների ձևավորմանը։ Համաշխարհային բանկի հաշվարկով՝ մինչև 2040 թվականը միջանցքի հիմնական ենթակառուցվածքային խոչընդոտները վերացնելու համար կպահանջվի առնվազն 25 միլիարդ դոլար, իսկ միջանցքին հարակից ճանապարհների , լոգիստիկ կենտրոնների, շարժակազմի և թվային համակարգերի համար՝ ևս մոտ 30 միլիարդ։ Այս ծավալը Միջին միջանցքը դարձնում է արդեն ոչ միայն տրանսպորտային նախագիծ, այլև խոշոր ներդրումային շուկա։ Այս ներդրումներն են որոշելու նաև, թե տարածաշրջանում որտեղ կձևավորվեն նոր լոգիստիկ, արտադրական և ծառայությունների կենտրոնները։ Հայաստանի հիմնական վտանգը միայն միջանցքից դուրս մնալը չէ։ Ավելի լուրջ ռիսկ կա՝ դառնալ երթուղու մասնակից, բայց ունենալ սահմանափակ դերակատարում դրա կառավարման և եկամուտների բաշխման մեջ։ TRIPP-ի արժեքը Հայաստանի համար կախված է ոչ միայն ճանապարհի գործարկումից, այլ այն դիրքից, որը երկիրը կզբաղեցնի միջանցքի կառավարման և եկամուտների բաշխման համակարգում։ Համաշխարհային բանկի հիմնական եզրակացությունն այս է․ միջանցքի ենթակառուցվածքը առաջ է գնում, իսկ զուգահեռ ձևավորվում են նաև դրա աշխատանքի կանոնները։ Հայաստանի համար կարևոր է ներգրավվել հենց հիմա, որպեսզի հետագայում չգործի արդեն ուրիշների սահմանած կանոններով, այլ ժամանակին ապահովի իր տեղը համակարգում և պաշտպանի սեփական տնտեսական շահերը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14549

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով