ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Եվրոպայի ռազմական օբյեկտներում մի շարք արտակարգ պատահարների ֆոնին դաշինքի երկրներին կոչ է արել պահպանել հանգստությունը և Լիտվայի օրինակով ավելացնել պաշտպանության համար հատկացումները։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկյավիչյուսի հետ կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է DRM News-ը։ «Պահպանեք հանգստությունը և շարունակեք, շարունակեք ավելի շատ ներդրումներ կատարել պաշտպանության բնագավառում, ինչպես դա անում է Լիտվան», – ասել է Ռյուտեն՝ հավելելով, որ Լիտվան այս տարի ակնկալում է ՀՆԱ-ի 5,38%-ը ծախսել ռազմական կարիքների համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս կերպ է պատասխանել պաշտպանական օբյեկտներում տեղի ունեցած արտակարգ պատահարների պատճառով եվրոպացի քաղաքական գործիչների մտահոգություններին վերաբերող հարցին: Վերջին ամիսներին Եվրոպայի մի քանի ռազմական ձեռնարկությունում, մասնավորապես՝ Բուլղարիայում, Սլովակիայում, Իտալիայում և Լեհաստանում, տեղի են ունեցել պայթյուններ կամ հրդեհներ:



