Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը ներկա է եղել Հայաստանում ֆրանսիական համալսարանի՝ Միսաք Մանուշյանի անունը կրող շրջանավարտների հոսքի դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ ԿԳՄՍ-ից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեն, գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ, դասախոսներ, շրջանավարտներ և հյուրեր։ «Միսաք Մանուշյանի անունը կապված է ազատության, արժանապատվության, մարդկային համերաշխության և հայրենիքի ու արժեքների նկատմամբ նվիրումի գաղափարների հետ։ Նրա կերպարը նաև հայ և ֆրանսիական ժողովուրդների պատմական բարեկամության և փոխադարձ հարգանքի խորհրդանիշներից է»,- նշել է նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը՝ շնորհավորելով շրջանավարտներին։ Նա կարևորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի դերը ՀՀ բարձրագույն կրթության համակարգում՝ ընդգծելով, որ համալսարանի կրթական մոդելը համադրում է մասնագիտական խոր գիտելիքը, միջազգային փորձը, բազմալեզու կրթական միջավայրը և եվրոպական արժեքները։ Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի ապագան մեծապես պայմանավորված է համալսարաններում ձևավորվող մարդկային ներուժով՝ շեշտելով, որ մեր երկրին անհրաժեշտ են բարձր մասնագիտական պատրաստվածությամբ, քննադատական և ստեղծագործ մտածողությամբ մասնագետներ, որոնք կարող են արդյունավետ աշխատել նաև արագ փոփոխվող միջավայրում։ Նախարարի տեղակալը շրջանավարտներին մաղթել է հաջողություն մասնագիտական ճանապարհի նոր փուլում՝ կարևորելով Հայաստանի ապագայի նկատմամբ նրանց պատասխանատվությունը․ «Մեր պետությանն անհրաժեշտ են մարդիկ, որոնք պատրաստ են իրենց գիտելիքն օգտագործել ոչ միայն սեփական հաջողության, այլև հանրային արժեք ստեղծելու համար։ Հենց այդպիսի մասնագետների ձևավորումն է բարձրագույն կրթության ամենակարևոր առաքելություններից մեկը»։ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ևս շնորհավորել է շրջանավարտներին՝ ընդգծելով, որ դիպլոմների հանձնումը ոչ միայն ուսումնառության կարևոր փուլի ավարտն է, այլև նոր ճանապարհի սկիզբ։ Անդրադառնալով Միսաք Մանուշյանի անունը կրող շրջանավարտների հոսքին՝ ռեկտորն ընդգծել է, որ նրա կյանքի ուղին քաջության, նվիրումի և պատասխանատվության օրինակ է, իսկ անունը խորհրդանշում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնահատուկ ամուր կապը։ Ողջունելով շրջանավարտներին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն շնորհավորել է ուսումնառության հաջող ավարտի կապակցությամբ՝ ընդգծելով, որ ձեռք բերած հայկական և ֆրանսիական դիպլոմները լավ հնարավորություն են մասնագիտական հետագա առաջընթացի համար։ Դեսպանը նշել է, որ շրջանավարտներն իրենց հետագա գործունեությամբ դառնալու են ոչ միայն Հայաստանի ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչները, այլև Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման մասնակիցները։ Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2025-2026 ուստարվա «Միսաք Մանուշյան» անունը կրող շուրջ 500 շրջանավարտները հանդիսավոր միջոցառման ընթացքում ստացել են դիպլոմներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14588

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով