Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Եվա Սունդքվիստին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Արտաքին գործերի և միջազգային առևտրի, Շրջակա միջավայրի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի և Շվեդիայի միջև բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ, այդ թվում՝ թափոնների կառավարման և արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, կեղտաջրերի մաքրման, անտառվերականգնման հարցերը։ Արա Մկրտչյանը կարևորել է Շվեդիայի և սկանդինավյան երկրների փորձի ուսումնասիրությունն ու տեղայնացումը՝ հատկապես թափոնների կառավարման ոլորտում կայուն և արդյունավետ համակարգերի ձևավորման տեսանկյունից։ Անդրադարձել են նաև ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Ներկայացվել են Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող և հյուրընկալող երկրի, առաջնահերթությունները և համաժողովի շրջանակում իրականացվող աշխատանքները։ Կողմերը վերահաստատել են բնապահպանական համագործակցությունն առավել համակարգված և գործնական մակարդակի հասցնելու պատրաստակամությունը՝ երկկողմ համագործակցությունը և COP17-ի շրջանակում ձևավորվող հնարավորությունները համադրելու նպատակով։



