Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ավագ դպրոցների աշակերտների բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների: Առնվազն երկու դպրոցում հրկիզումներ են եղել, դպրոցներից մեկի տնօրենի վրա բենզին են լցրել: Աշակերտները բողոքում են անձնակազմի պակասի, ուսումնական վատ պայմանների, դասացուցակների և դասարաններում սովորողների մեծ թվի դեմ: Այս մասին հաղորդում է France 24-ը: Ոստիկանության տվյալներով՝ մինչև կեսօր երկրում շուրջ 340 բողոքի ակցիա էր ընթանում, ինչի հետևանքով փակվել է ավելի քան 160 ուսումնական հաստատություն։ Հոկտեմբերի 1-ին շարժմանը միացել են նաև ուսանողները՝ արգելափակելով շուրջ 30 համալսարանների մուտքերը, այդ թվում՝ Փարիզում և Մարսելում։ Մարսելում դադարեցվել է ավտոբուսների, տրամվայների և մետրոյի երթևեկությունը՝ առավոտյան բարձր դասարանների աշակերտների բողոքի ակցիաների շրջանակում տեղի ունեցած «վանդալիզմի գործողությունների և վարորդների վրա հարձակումների» պատճառով։ Ստրասբուրգում նույնպես իշխանությունների պահանջով դադարեցվել է տրամվայների երթևեկությունը՝ «անկարգություններ իրականացնողների և ցուցարարների տեղաշարժը սահմանափակելու» նպատակով։ Վարչապետ Սեբաստիան Լըկորնուն ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել։ Սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի անվտանգության ուժերը բերման են ենթարկել 625 մարդու։ 83 ոստիկան և ժանդարմ վիրավորվել է։ Ցույցերի մասնակիցները թիրախավորել են իրավապահներին, տարբեր առարկաներ նետել նրանց վրա, վիրավորանքներ հնչեցրել։ Որոշ վայրերում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ: Կրթության նախարար Էդուար Ժեֆրեի խոսքով՝ անցյալ շաբաթ անկարգությունների սկսվելուց ի վեր տուժել է 119 աշակերտ և դպրոցի աշխատակից։



