Իսրայելը Fly Dubai ավիաընկերության չվերթի հետ կապված արտակարգ միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական՝ իրավիճակը գնահատելուց և ուղևորներից ապացույցներ հավաքելուց հետո։ Այս մասին հաղորդում է իսրայելական 12-րդ ալիքը։ Ըստ նոր տեղեկությունների՝ երկրորդ օդաչուն մի քանի անգամ դանակահարել է գլխավոր օդաչուին և փորձել է վերահսկողություն հաստատել ինքնաթիռի նկատմամբ։ Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում, ասել է, որ «կանխվել է շատ լուրջ աղետ»։ Նրա խոսքով՝ երկրորդ օդաչուն այժմ հարցաքննվում է։ Իսրայելական լրատվամիջոցները հրապարակել են ինքնաթիռի ներսում արված ենթադրյալ լուսանկարներ, որում երևում է ուղևորի արյունոտված վերնաշապիկը։ Կասկած կա, որ երկրորդ օդաչուն գործել է դիտավորյալ՝ փորձելով վերահսկողություն հաստատել ինքնաթիռի նկատմամբ և կործանել այն: Ըստ Walla լրատվամիջոցի՝ հետաքննության տակ գտնվող օդաչուն Օմանի քաղաքացի է։ Որոշ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հաղորդվել, թե ինքնաթիռի հրամանատարը ռուս է, իսկ երկրորդ օդաչուն՝ ուկրաինացի։



