Իրանը միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր։ Այս մասին հաղորդում է Իրանի պետական լրատվական գործակալությունը՝ IRNA-ն։ Թեհրանի առաջարկով՝ նախ պետք է վերականգնվի նավարկությունը Հորմուզի նեղուցով և դադարեցվի ռազմական ու տնտեսական ճնշումը, որից հետո հնարավոր կլինի անցնել միջուկային հարցի շուրջ բանակցություններին։ Իրանական կողմի մոտեցմամբ՝ այս պայմանների կատարումից հետո հնարավոր կլինի յոթ օրվա ընթացքում վերականգնել նավարկությունը և սկսել բանակցությունները։ Վաշինգտոնը, սակայն, պնդում է, որ նախ Իրանը պետք է միջուկային ոլորտում կոնկրետ զիջումների գնա, որից հետո հնարավոր կլինի քննարկել պատժամիջոցների մեղմացումը։ Այսպիսով, կողմերի հիմնական տարաձայնությունն այժմ վերաբերում է ոչ այնքան զիջումների ծավալին, որքան այն հարցին, թե ով պետք է կատարի առաջին քայլը։ Դոնալդ Թրամփի մոտեցմամբ՝ Իրանի առաջարկի ընդունումը կարող է այնպիսի տպավորություն ստեղծել, թե ԱՄՆ-ը, ռազմական ծախսերից և պատժամիջոցների կիրառումից հետո, ստիպված է եղել տնտեսական զիջումների գնալ՝ Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու համար։ Վաշինգտոնը ցանկանում է համաձայնություն, որը կներկայացվի ոչ թե Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) նոր տարբերակ, այլ ավելի խիստ պայմաններով փաստաթուղթ, որի շրջանակում Իրանը նախ կընդունի միջուկային ոլորտում չափելի սահմանափակումներ, իսկ դրանից հետո կստանա պատժամիջոցների մեղմացում։



