Կառավարության կադրային բանկի առաջին արդյունքները բավական տպավորիչ թվեր են տալիս։ 1141 դիմում, 269 ընտրված մասնագետ 29 երկրից, շուրջ երեք տասնյակ դրական որոշում, արդեն 16 նշանակում բարձր պետական պաշտոններում։ Միջին տարիքը՝ 33,3։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հիշեցրել է, որ հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր իրենց գիտելիքն ու մասնագիտական փորձը ծառայեցնելու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին։ Սա պետական կառավարման համար նոր կադրային խողովակ է, և դրա նշանակությունը թվերից մեծ է։ Այս ծրագրի կարևոր կողմը Հայաստանի սահմաններից դուրս կուտակված գիտելիքն ու փորձը պետական կառավարման մեջ վերադարձնելու փորձն է։ Հայաստանի համար համար մարդկային կապիտալը սոսկ աշխատուժ չէ, այլ ռազմավարական պաշար։ Արտերկրում կրթված և ուժեղ մասնագիտական միջավայրում փորձ ձեռք բերած մարդկանց ներուժը Հայաստանի համար չօգտագործված կարողություն է։ Նրանց վերադարձը պետական համակարգ կարող է բերել ոչ միայն գիտելիք, այլև աշխատանքի նոր չափանիշներ, միջազգային կապեր և որոշումների ավելի խոհեմ մշակույթ։ Բուն խնդիրը ծրագրի անհրաժեշտությունը չէ, այլ այն, թե ինչ սկզբունքով է այն կառուցվում և ինչ կադրային մշակույթ է ձևավորում պետական համակարգում։ Կայացած պետական համակարգերում քաղաքական ղեկավարումն ու մասնագիտական կառավարումը տարանջատված են։ Նախարարը որոշում է քաղաքական ուղղությունը և պատասխան է տալիս դրա արդյունքի համար։ Պետական ապարատը պահում է համակարգի գիտելիքը, փորձը և ինստիտուցիոնալ հիշողությունը։ Այդ պատճառով բարձր պետական պաշտոնների համար նախ ընտրում են մասնագիտական պատրաստվածությամբ ուժեղ թեկնածուների, իսկ քաղաքական որոշումը կայացվում է արդեն այդ շրջանակի ներսում։ Այս մեխանիզմը միաժամանակ պահպանում է կառավարության քաղաքական մանդատը և պետական ծառայությունը պաշտպանում պատահական նշանակումներից։ Այս սկզբունքը ձևավորվել է վաղուց։ 1854 թվականին Բրիտանիայում Նորթքոթ–Թրեվելյանի զեկույցը պետական ծառայության հիմնական հիվանդություններից մեկը համարեց հովանավորչությունը և առաջարկեց պաշտոնների համար բաց մրցակցություն, մասնագիտական ընտրություն ու առաջխաղացում ըստ արժանիքի։ Այդ բարեփոխումը փոխեց պետական ծառայության տրամաբանությունը և հիմք դրեց այն հիմնարար սկզբունքին, որ պաշտոնը պետք է տրվի կարողությանը, ոչ թե կապին։ Ֆրանսիան ընտրել է ավելի բաց մոդել։ Կառավարման ազգային դպրոցին՝ ENA-ին, փոխարինած Հանրային ծառայության ազգային ինստիտուտը՝ INSP-ն, բարձր պետական ծառայության ճանապարհը բաց է պահում տարբեր փորձ ու կրթական ուղի ունեցող մարդկանց համար։ Այնտեղ կարող են հայտնվել երիտասարդ շրջանավարտներ, գործող պետական ծառայողներ, գիտնականներ, ինչպես նաև մասնավոր և հասարակական հատվածից եկած մասնագետներ։ Այս մոտեցումը պետական համակարգին թույլ է տալիս դուրս գալ նույն կրթական ու սոցիալական շրջանակների սահմաններից և ընտրություն կատարել շատ ավելի լայն մասնագիտական միջավայրից։ Այստեղ ծրագրի ամենաբարդ հարցն է առաջանում։ Եթե պետական համակարգ մուտքի առավել արագ ճանապարհը կապվում է արտերկրի համալսարանի դիպլոմի հետ, Հայաստանը ակամա թուլացնում է սեփական կրթության արժեքը։ Այստեղ սովորած, այստեղ աշխատած և պետության ներքին գործելակերպը ճանաչող երիտասարդը կարող է զգալ, որ իր փորձը նախապես ավելի քիչ է գնահատվում։ Այդ ուղերձը վտանգավոր է, քանի որ երկիրը կարող է ինքն իր ներսում խորացնել այն մտայնությունը, որ առաջ գնալու համար նախ պետք է հեռանալ։ Այդ ազդակը վտանգավոր է հատկապես Հայաստանի պես արտագաղթի ծանր պատմություն ունեցող երկրի համար։ Պետությունը չի կարող երիտասարդին հորդորել ապագան կապել Հայաստանի հետ, իսկ հետո պետական առաջխաղացման մեջ առավելություն տալ նրանց, ովքեր կրթություն են ստացել դրսում։ Հայաստանում սովորելը հաճախ նաև երկրի հետ գիտակցված կապի ընտրություն է՝ այստեղի սահմանափակումներով, ավելի փոքր հնարավորություններով և ավելի դժվար մասնագիտական միջավայրով։ Այդ ընտրությունը չի կարող անտեսվել։ Պետական կադրային քաղաքականությունը պետք է արժեք տա նաև նրանց, ովքեր իրենց գիտելիքն ու կարիերան կառուցել են Հայաստանում։ Սինգապուրի օրինակը հետաքրքիր է հենց այս պատճառով։ Նրա Public Service Commission-ը տասնամյակներով փնտրում, կրթում և զարգացնում է պետական ծառայության ապագա կադրերին։ Պետությունը կրթաթոշակներով ուղարկում է երիտասարդներին համալսարաններ, ապա վերադարձնում պետական համակարգ և կառուցում երկարատև մասնագիտական կարիերա։ Հիմքում համալսարանի հասցեն չէ։ Որոշիչը մասնագիտական կարողությունն է, առաջնորդելու ներուժը և պետությանը ծառայելու պատրաստակամությունը։ Հաջորդ փուլում ծրագիրը պետք է բացվի նաև Հայաստանի ներսում ձևավորված մասնագիտական ներուժի առաջ։ Պետությունը պետք է նույն հետևողականությամբ տաղանդ փնտրի հայաստանյան բուհերում, մարզերում, գիտական հաստատություններում, մասնավոր հատվածում և հենց պետական ծառայության ներսում։ Չափանիշները պետք է լինեն նույնը, մրցակցությունը՝ բաց, առաջխաղացման հնարավորությունը՝ հավասար։ Միայն այդ դեպքում կադրային բանկը կդառնա պետական կարողություն կառուցող համակարգ, ոչ թե արտերկրում կրթվածների համար առանձնացված արագ ուղի։ 1141 դիմումը ցույց է տալիս, որ պետական ծառայությունը դեռ կարող է գրավել ուժեղ մասնագետների։ Ավելի կարևոր հարցը հիմա այն է, թե պետությունն ինչ համակարգ է կառուցելու այդ հետաքրքրության շուրջ։ Կադրային բանկը կարող է դառնալ պետական ծառայության նոր մշակույթի սկիզբ, եթե բացի ճանապարհը ոչ միայն արտերկրում կայացած մասնագետների, այլև Հայաստանի ներսում ձևավորված կարող մարդկանց առաջ։ Հայաստանին պետք է արտաքին փորձը ներգրավելու կարողություն և սեփական կրթական ու մասնագիտական ներուժի նկատմամբ վստահություն։ Պետական համակարգի ուժը որոշվում է կարող մարդկանց գտնելու, նրանց համար հավասար մրցակցություն ապահովելու և պատասխանատվությունը արժանի մարդկանց վստահելու կարողությամբ։



