ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Հայաստանում «Թրամփի երթուղու»՝ TRIPP-ի իրականացումը կարող է, ըստ իր գնահատականի, հանգեցնել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների և հետախուզական ենթակառուցվածքների հայտնվելուն Իրանի սահմանին մոտ։ Շևցովի խոսքով՝ երթուղու անվտանգության ապահովումը նախատեսվում է վերապահել ամերիկա-հայկական համատեղ ընկերությանը, մինչդեռ սահմանային և մաքսային վերահսկողությունը կիրականացնի հայկական կողմը։ Նա պնդել է, որ այս պայմանավորվածությունը կարող է հնարավորություն տալ ԱՄՆ-ին տեղակայել համապատասխան ենթակառուցվածքներ Հայաստանի տարածքում։ Շևցովը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է պատժամիջոցների շրջանակում սահմանափակել երթուղով բեռների տեղափոխումը։ «Որպես պատժամիջոց՝ ԱՄՆ-ն կկարողանա արգելել բեռների տեղափոխումը Հայաստանով անցնող «Թրամփի ուղի»-ով»,- ասել է նա։



