«Մանչեսթեր Սիթիի» ֆինանսական խախտումների վերաբերյալ վճիռը կարող է լարվածություն առաջացնել Միացյալ Թագավորության և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերություններում։ Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄԷ-ի ներկայացուցիչները բրիտանական իշխանություններին նախազգուշացրել են, որ ակումբի նկատմամբ պատժամիջոցի խստությունը կարող է նվազեցնել Բրիտանիայում նոր խոշոր ներդրումներ կատարելու իրենց հետաքրքրվածությունը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի անկախ հանձնաժողովը «Մանչեսթեր Սիթիին» մեղավոր է ճանաչել ֆինանսական կանոնների խախտումների գրեթե բոլոր դրվագներով։ Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ 2009-2018 թվականներին ակումբը ֆինանսական հաշվետվություններում ավելի քան 900 մլն ֆունտի չափով խախտումներ է թույլ տվել։ Ակումբը հերքում է մեղադրանքները և արդեն բողոքարկել է որոշումը։ Միաժամանակ, բրիտանական կողմում դժգոհություն կա նաև ԱՄԷ-ի արձագանքից։ Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ բրիտանացի պաշտոնյաները կարծում են, որ ԱՄԷ-ում որոշ անձինք պետք է տեղյակ լինեին ակումբի խախտումների ծավալների մասին։ Հարաբերությունների համար հարցը հատկապես զգայուն է, քանի որ ԱՄԷ-ն վերջին տարիներին ավելի քան 30 մլրդ ֆունտ է ներդրել Բրիտանիայում՝ այդ թվում պաշտպանության, տեխնոլոգիաների և կենսաբժշկական ոլորտներում։ Երկու երկրները նաև քննարկում են ներդրումային նոր պարտավորություններ՝ Լոնդոնում հոկտեմբերին նախատեսվող գագաթնաժողովից առաջ։



