«Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությանը պատկանող Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման հայեցակարգը ս.թ. սեպտեմբերի 30-ին միաձայն հավանության է արժանացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից գործող գիտամեթոդական խորհրդի կողմից։ Հայեցակարգը մշակվել է աշխարհահռչակ լոնդոնյան ճարտարապետական և դիզայներական «Foster + Partners» ընկերության, ինչպես նաև պատմական շենքերի վերականգնման ոլորտում մեծ փորձառություն ունեցող հայկական «Quadrum Architectural Office» ճարտարապետական գրասենյակի հետ համագործակցությամբ։ Նախագիծը նախատեսում է գոյություն ունեցող շենքի վերափոխումը բազմաֆունկցիոնալ համալիրի, որը կներառի հյուրանոցային, բնակելի, գրասենյակային և առևտրային տարածքներ, ինչպես նաև նոր հանրային տարածքներ։ Հաստատմանը նախորդել է շուրջ 18 ամիս տևած սերտ համագործակցություն ճարտարապետական թիմերի և ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից գործող գիտամեթոդական խորհրդի միջև։ Այդ ընթացքում հայեցակարգը շարունակաբար կատարելագործվել է կառուցողական երկխոսության արդյունքում՝ հաշվի առնելով Խորհրդի առաջարկություններն ու դիտարկումները։ Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել շենքի ճարտարապետական և պատմական արժեքի, ինչպես նաև նրա առանձնահատուկ ժառանգական տարրերի պահպանման անհրաժեշտությանը։ Հայեցակարգի հաստատմամբ նախագիծն անցնում է զարգացման հաջորդ փուլ։ «Մեր նպատակն է նոր շունչ հաղորդել այս կարևոր նշանակության շինությանը՝ պահպանելով վերջինիս պատմական ինքնությունն ու Հանրապետության հրապարակի հետ ունեցած անմիջական կապը՝ միաժամանակ ստեղծելով ժամանակակից և կենսունակ միջավայր բնակիչների և այցելուների համար,» նշել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը: Ընդհանուր ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ավելի քան 150,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում։ Բարձրորակ ճարտարապետական լուծումների և քաղաքի առավել նշանակալի շենքերից մեկի վերափոխման միջոցով նախագիծը նպատակ ունի դառնալ Երևանի նոր գրավչություններից մեկը և նպաստել քաղաքի՝ որպես միջազգային մշակութային և զբոսաշրջային ուղղության աճող դիրքի ամրապնդմանը։



