ՋՕԸ-ների արդյունավետությունն ու դրա բարձրացումը Ջրային կոմիտեի ուշադրության կենտրոնում է․ Արամազդ Ղալամքարյան

Հայաստանի ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել արտագնա աշխատանքային քննարկում՝ ոռոգման սեզոնի ամփոփման, ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ընթացիկ գործունեության և ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացման վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՋԿ նախագահի տեղակալները, ոռոգման համակարգի ոլորտային պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, Հայաստանի բոլոր 15 ՋՕԸ-ների տնօրենները, ինչպես նաև «Մելիորացիա» ՓԲԸ-ի, «Ջրառ» ՓԲԸ-ի և WISE ծրագրի ներկայացուցիչները։ Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկման առանցքում են եղել ՋՕԸ-ների գործունեությանն առնչվող հիմնական հարցերը՝ ոռոգման ջրի սակագին և համակարգի ծախսարդյունավետություն, հողերի խոշորացում, ոռոգման ջրի շուկայի ձևավորում և ներդրումների խթանում, ենթակառուցվածքների արդիականացում, ինչպես նաև ջրային ռեսուրսների խնայող և արդյունավետ օգտագործում։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել կեղտաջրերի մաքրման և դրանց կրկնակի՝ ոռոգման կամ այլ նպատակներով օգտագործման հնարավորություններին։ ՋԿ նախագահն անդրադարձել է Ջրային կոմիտեի ինստիտուցիոնալ վերափոխմանը՝ ՀՀ կառավարությանն առընթեր Հողի և ջրի կոմիտեի ձևավորմանը, հողի և ջրի կառավարման փոխկապակցմանն ու այդ համատեքստում ՋՕԸ-ների տնօրենների առջև դրվող հստակ պահանջներին։ Ղալամքարյանը նաև շեշտել է՝ ՋՕԸ-ների գործունեությունը գտնվելու է Ջրային կոմիտեի մշտական ուշադրության և վերահսկողության ներքո։ Քննարկման ընթացքում ՋՕԸ-ների տնօրեններին ուղղվել են մի շարք կոնկրետ հարցադրումներ՝ յուրաքանչյուր ընկերության սպասարկման տարածքում փաստացի ոռոգվող հողատարածքների և տեխնիկապես ոռոգելի, սակայն ներկայում չոռոգվող հողերի մակերեսների, ջրաղբյուրից վերցված յուրաքանչյուր 1 մ³ ջրից գյուղատնտեսին հասնող ջրի քանակի, ինչպես նաև ջրակորուստների վերաբերյալ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ջրակորուստների հիմնական պատճառներին և այն ենթակառուցվածքներին, որոնք սահմանափակում են ոռոգվող տարածքների ընդլայնումը։ Քննարկվել է նաև, թե որ ջրանցքներն ու խողովակաշարերն ունեն սպասարկվող տարածքի ավելացման մեծ ներուժ, որտեղ է հնարավոր պոմպային ոռոգումը փոխարինել ինքնահոս համակարգով, թե որ պոմպակայաններն են առավել էներգատար, ինչպես նաև որտեղ կարող են օրվա կարգավորման ջրամբարները նվազեցնել ջրամատակարարման անհավասարությունն ու պոմպակայանների շահագործման ծախսերը։ ՋՕԸ-ների տնօրեններն իրենց հերթին ներկայացրել են ամենօրյա գործունեության ընթացքում առաջացող խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ լրացուցիչ գործիքներն ու մեխանիզմները։ Անդրադարձ է կատարվել ջրագողության դեմ արդյունավետ պայքարի բավարար լծակների բացակայությանը, դեբիտորական պարտքերի աճին և դրանց հավաքագրման խնդրին, գույքի թերի գույքագրմանը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և այդ ուղղությամբ մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտությանը։ Եզրափակելով հանդիպումը՝ Ղալամքարյանը նշել է, որ Ջրային կոմիտեի մոտեցումը հստակ է՝ ՋՕԸ-ների աշխատանքը պետք է գնահատվի ոչ միայն իրականացված գործողություններով, այլև դրանց արդյունքում ապահովված կոնկրետ արդյունքներով՝ խնայված ջրով, ավելացված ոռոգվող հողատարածքներով, կրճատված ծախսերով և, հետևաբար՝ պետական սուբսիդիաների աստիճանական նվազմամբ։ ՋԿ նախագահը հանձնարարել է յուրաքանչյուր ՋՕԸ-ի կողմից ներկայացնել իր սպասարկման տարածքում առկա ամենամեծ խնդիրները՝ յուրաքանչյուր խնդրի դեպքում հստակ նշելով դրա պատճառը, դրա հետևանքով կորսվող ջրի կամ չոռոգվող հողատարածքի ծավալը, խնդրի լուծման համար անհրաժեշտ ներդրման չափը և ակնկալվող արդյունքը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14736

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով