Լիոնում տեղի է ունեցել Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմին

Հոկտեմբերի 1-ին Լիոնում տեղի ունեցավ Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ երկրորդ տնտեսական համաժողովը՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմին։ Այդ մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը: Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ «Ֆաբրիս Պանկուկն ընդգծեց Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևորությունը՝ առանձնացնելով Սյունիքի մարզի հետ ձևավորված արդյունավետ կապերը, ինչպես նաև երկու տարածաշրջանների յոթական համայնքների միջև հաստատված գործընկերությունները։ Նա կարևորեց նաև Ֆրանսիա–Հայաստան առևտրի պալատի Լիոնի մասնաճյուղի բացումը որպես գործարար կապերի ամրապնդման և նոր գործընկերությունների ձևավորման կարևոր հարթակ։ Արման Խոջոյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը, եվրոպական շուկաների հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված քայլերը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու արտահանման զարգացման հեռանկարները։ Եզրափակիչ ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորան Էսկյուդիեն։ Դեսպան Խաչատրյանն ընդգծեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատմամբ երկկողմ հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, որում առանձնահատուկ նշանակություն ունի ապակենտրոնացված համագործակցությունը։ Նա կարևորեց գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների, նորարարության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ներուժը՝ հատուկ ընդգծելով Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի հնարավորությունները։ Համաժողովին հայկական կողմից մասնակցում էին նաև «Էնթերփրայզ Արմենիա»-ի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչները։ Համաժողովին ներկա էին ավելի քան 200 մասնակից՝ երկու երկրների պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, գործարար շրջանակների, ոլորտային կազմակերպությունների և ֆրանսահայ կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառման շրջանակներում հայկական պատվիրակությունը երկկողմ հանդիպում ունեցավ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի հետ»,- հայտնում են դեսպանությունից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14863

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով