Եգիպտոսն ու Եթովպիան անցանկալի անձ (persona non grata) են հայտարարել մեկը մյուսի բարձրաստիճան դիվանագետներին: Այս մասին հաղորդում է The National-ը: Ըստ հրատարակության՝ Եթովպիայի արտաքին գործերի նախարարությունը Եգիպտոսի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար աշխատակից Ահմեդ Մոհարամ Ահմեդ Սուլեյմանից պահանջել է, որ նա 48 ժամվա ընթացքում լքի երկիրը։ Այդ քայլի համար պատճառներ պաշտոնապես չեն նշել։ Ի պատասխան՝ Եգիպտոսը կարգադրել է, որ Կահիրեում Եթովպիայի դեսպանատան խորհրդականը նույնպես երկու օրվա ընթացքում մեկնի երկրից։ Ավելի վաղ Էրիթրեայի իշխանությունները որոշում էին ընդունել խզել բոլոր դիվանագիտական հարաբերությունները Եթովպիայի հետ։ Դրան նախորդել էր այն, որ Ադիս Աբեբան կարգադրել էր փակել իր դեսպանատունը Էրիթրեայում և այդ երկրի տասը դիվանագետի հայտարարել անցանկալի անձ։ The National-ը հիշեցնում է, որ Եթովիպան Եգիպտոսին, Էրիթրեային և Սուդանին մեղադրել է Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի (TPLF) գլխավորած զինված ընդդիմադիր խմբավորումների՝ վերջերս ստեղծված դաշինքին աջակցելու համար։ Այդ երկրների իշխանությունները հերքել են մեղադրանքները։ Անցյալ շաբաթ Եթովպիայի հյուսիսում վերսկսվել են մարտերը դաշնային զորքերի և TPLF-ի միջև։



