Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվն, ըստ կառավարության տվյալների, գերազանցել է 4000-ը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Բռնկումը, որը պայմանավորված է էբոլա վիրուսի բունդիբուգյո տեսակով, ԿԴՀ-ում դարձել է ամենամասշտաբայինն ու մահաբերը՝ գերազանցելով 2018-2020 թվականների համաճարակի ցուցանիշները։ Այժմ այն իր մասշտաբով զիջում է միայն 2014-2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում էբոլայի բռնկմանը, որի հետևանքով Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնում վարակվել էր ավելի քան 28 600 մարդ, մահացել՝ ավելի քան 11 000-ը։ Կառավարության հոկտեմբերի 2-ի տվյալների համաձայն՝ մահացածների թիվը հասել է 4018-ի, իսկ հաստատված դեպքերի թիվը՝ 8300-ի։ Վարակը տարածվել է երկրի յոթ նահանգում։ Ավելի քան 2000 հիվանդ ապաքինվել է։ Կոնգոյի կառավարությունն ու ՄԱԿ-ը սեպտեմբերին հայտնել էին, որ Իտուրիի նահանգի որոշ հատվածներում, որտեղ սկսվել էր բռնկումը, վարակի փոխանցման տեմպերի նվազման նշաններ կան։ Սակայն այն շարունակում է արագ տարածվել ԿԴՀ արևելյան շրջաններում, այդ թվում՝ հարևան Հյուսիսային Կիվուի նահանգում։ Երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Հարավային Ուբանգիի նահանգը սեպտեմբերին դարձել է յոթերորդ նահանգը, որտեղ հաստատվել է վիրուսի բռնկումը։ Այնտեղ վիրուսից մահացել է մի տղամարդ, որը ժամանել էր Կոնգոյի արևելյան շրջաններից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14856

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով